Հարավաֆրիկյան Հանրապետությունում թույլատրվում է ինքնապաշտպանության ցանկացած դրսևորում:
Այսինքն, այդ երկրում թույլատրվում է անձին զրկել կյանքից' սեփական գույքը, ասենք, ավտոմեքենան, պաշտպանելու համար:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ հարցն այլ կերպ է կարգավորված:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն' հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ:
Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և պաշտոնեական դիրքից:

«Պետք է նշել, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով:

Իրավաբանի խոսքով' անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար' անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:

Աղբյուրը' Իրավաբան.net