ՀԱԿ անդամ, Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ զրույցում ԳԱԼԱ-ի լրագրողը հարցրել է, թե ինչպես կգնահատի Գագիկ Ծառուկյանի այն մեկնաբանությունը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի էլ կարող լինել. «Կարծում եմ, դա իրենց պետք է հարցնել»,-ասել է Վահագն Խաչատրյանը: Իսկ ՀԱԿ-ը որեւէ գնահատական չունի՞, չէ՞ որ արդեն երկար ժամանակ համագործակցում է այն ուժի հետ, որը, փաստորեն, իշխանական է համարվում. այս հարցերին Վահագն Խաչատրյանը տվել է հետեւյալ պատասխանը: «Եթե իրենց քայլերը միտված են, որ Հայաստանում այս համակարգը փոխվելու է, մենք ասել ենք, որ ովքեր նման քաղաքական գիծ են վարում, մենք իրանց հետ համագործակցում ենք»: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ոչինչ չի՞ նշանակում եւ ՀԱԿ-ը առաջնորդվում է որոշ ԲՀԿ-ականների պնդումներո՞վ, մեր լրագրողի այս հարցին Վահագն Խաչատրյանն արձագանքել է այսպես.
«Այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ այս քաղաքական գործող համակարգը այլեւս Հայաստանի համար խոչընդոտում է՝ ապագա զարգացման նկատառումներից ելնելով, ապա մենք պատրաստ ենք համագործակցել: Ես ընդհանրապես որեւէ մեկի կողմից ակնկալիքներ եւ սպասելիքներ չունեմ»,-ասել է նա:
Հերմինե Մկրտչյան