«Այս դահլիճում գտնվում են մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք շարժումը 1988թ.-ից և այս տարիների ընթացքում շատ բան ենք տեսել և պարտավոր ենք դասեր քաղել անցած ճանապարհից: Ես, լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ, 5 տարի եղել եմ ընդդիմության շարքերում, և Լևոն Զուրաբյանի այն ամբողջ հայտարարությունները՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին, զգացել եմ իմ վրա»,- Ազգային ժողովի մայիսի 23-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկումների ավարտին, իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հասցեին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարի հնչեցրած քննադատությանը:
Ըստ վարչապետի, համար մեկ դասը, որն իր համար քաղել է, «կայանում է հետևյալում. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը՝ նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ է, թույլ է: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետև ընդդիմությունը քաշում է գաղափարներ, որոնք կարող են լինել օգտակար»: Իշխանության պարտավորությունն է տեսնել գլխավորը, միևնույն ժամանակ՝ գլխավորի շուրջ համախմբվել:
Վարչապետի քաղած երկրորդ դասն այն է, որ առանց ուժեղ ընդդիմության չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն նշանակում է, առաջին հերթին, այլընտրանք: Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան և պետք է առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ իշխանության ծրագրերի հետ: Տ.Սարգսյանի համոզմամբ, դրանից կշահեն բոլորը, բայց, եթե ընդդիմությունը որդեգրում է քաղաքականություն, որ ներկայացնում է միայն մեղադրանքներ, հերյուրանք, դա ճանապարհ է դեպի անցյալ, ոչ թե դեպի ապագա:
Երրորդ դաս՝ իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: «Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք և կգնանք առաջ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որ մենք չենք արել»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ դա լավ ճանապարհ չէ:
Չորրորդ դաս՝ մեր երկրի հիմնական պրոբլեմն իշխանափոխությունը չէ, այլ՝ ապագայի տեսլականը, համոզմունքը և կամքը: Ով դրանք ունի, նա էլ կլինի Հայաստանում իշխանություն:
Հինգերորդ համոզմունքն ու դասը, որ քաղել է վարչապետը, կայանում է հետևյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական: «Բայց միևնույն ժամանակ համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են համագործակցության:
Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»