Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանից ներողություն են խնդրել այն բարձրաստիճան ոստիկանները, ովքեր սպառնացել, հրել եւ վիրավորել էին փաստաբանին՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:
Հիշեցնենք, որ նա Գյումրիում հնչած կրակոցների գործով Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբանն է, եւ վերջինիս հետ միասին կրակոցների գիշերը եղել է Գյումրու ոստիկանությունում, որտեղ էլ ոտնահարվել էր փաստաբանի իրավունքները: Նրա հասցեին սպառնալիքներ էին հնչել, թե «գլխիդ գործ կսարքենք», բարձրաստիճան ոստիկաններից մեկը հրել էր փաստաբանին եւ հասցրել վիրավորանքներ: Թամարա Յայլոյանը եւ փաստաբանները պահանջում էին, որ այդ անձինք հրապարակային ներողություն խնդրեն փաստաբանից, ով միայն իր աշխատանքն էր կատարել:
«Երեկ չէ առաջին օրը նրանցից մեկը ինձանից ներողություն է խնդրել, իսկ հաջորդը՝ նրա տեղակալը, քաղաքում չէ, ասացին նաեւ Հայաստանում չէ, նա էլ միջնորդավորված է ներողություն խնդրել, եւ ես հայտարարում եմ, որ նրանց ներում եմ: Քանի որ ի սկզբանե նպատակ չեմ ունեցել, որ պատժվեն կամ աշխատանքից հեռացվեն, այլ, որ հասկանան ու հայտարարեն իրենց սխալի մասին, որ սա չդառնա վատ նախադեպ: Ուստի բողոքը ետ եմ վերցրել ու խնդրել եմ, որ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին էլ ընթացք չտան»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Թամարա Յայլոյանը:
Հիշեցնենք, որ միջադեպից օրեր անց ներողություն էր խնդրել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը, ով հայտարարել էր, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, եւ ոչ ոք իրավունք չունի նման կերպ վարվելու: Փաստաբանի խոսքերով՝ նաեւ Վ. Գասպարյանի այս պահվածքը նշանակություն ունեցավ, որ ոստիկանները հասկանան իրենց սխալը եւ ներողություն խնդրեն:
Հիշեցնենք, որ այս գործով զբաղվում էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության բաժինը: Փաստաբանին կանչել էին բացատրություն տալու, ով ներկայացել եւ բացատրություն տվել էր: Նշել նաեւ՝ ովքեր են վիրավորողները եղել:
Փաստաբանը խոստացավ հրապարակել նաեւ իրեն վիրավորած եւ արդեն ներում հայցած ոստիկանների անունները, առայժմ ասաց, որ նրանք Շիրակի մարզային ոստիկանությունից են եւ զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ:
Քրիստինա Մկրտչյան