«Արմավիա»-ն վաճառում է գույքն էլ, ինքնաթիռներն էլ»,-ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին' ասացին ընկերության մամուլի ծառայությունից' հավելելով. «Մենք նաեւ ունենք մեր պարտապանները, ովքեր պետք է անպայման մեր փողերը վերադարձնեն, որ մենք էլ կարողանանք մեր պարտքերը փակել»:

Այդուհանդերձ, ընկերությունում դեռ պնդում են, որ մտադիր են դիմել դատարան' ավիաընկերությունը սնանկ ճանաչելու հայցով:

«Դիմելու ենք, բայց միայն պարտքերի վերակազմավորումից հետո»,-ասացին ընկերության գրասենյակից' միաժամանակ նաեւ տեղեկացնելով, որ բոլոր պարտատերերի հետ ներկա պահին բանակցութուններ են ընթանում եւ հենց որ ընկերությունը ստանա իր պարտքերը, իրենք էլ կփակեն իրենցը: «Բոլորը կփակենք, աստիճանաբար, բայց կփակվի»,-ասել է մեր զրուցակիցը:

Ի դեպ, «Արմավիա»-ի գրասենյակից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են գնահատում ստեղծված այն իրավիճակը, որ «Արմավիա»-ն այդպես էլ դատարան չդիմեց' սնանկ ճանաչվելու համար, բայց պետական մարմիններն արդեն դիմել են դատարան' «Արմավիա»-ից պահանջելով վճարել իրենց պարտքերը:

Ընկերությունից պարզաբանեցին, որ բանակցում են նաեւ դատարան դիմած պետական կառույցների հետ: Հարցին, թե արդյոք դա չի՞ խանգարի բանակցությունների ընթացքին, «Արմավիա»-ից ասացին. «Ոչ, չի խանգարի, քանի որ դատարանում կողմերը կարող են գալ խաղաղ համաձայնության»:

Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն շուրջ մեկ ամիս առաջ հրապարակել էր պարտքերի իր ցուցակը, որի համաձայն' 2010-12թ.թ. ընթացքում ընկերությունը բյուջեին հետեւյալ պարտքերն է կուտակել.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ'
- Հիմնական գումար' 322,730,000 դրամ
- Տույժ' 298,148,000 դրամ

2. ԵԿԱՄՏԱՀԱՐԿ'
- Հիմնական գումար' 483,568,000 դրամ
- Տույժ' 511,700,000 դրամ

3. ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ (1%)'
- Հիմնական գումար' 527,658,000 դրամ
- Տույժ' 271,450,000 դրամ

4. ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ'
- Հիմնական գումար' 101,263,000 դրամ
- Տույժ' 55,035,000 դրամ

5. ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ'
- Հիմնական գումար' 5,489,160,000 դրամ
- Տույժ' 16,208,653,000 դրամ

ԸՆԴՀԱՄԵՆԸ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՀԱՐԿԵՐՈՎ'
- Հիմնական գումար' 6,924,385,000 դրամ
- Տույժ' 17,344,980,000 դրամ

Նշենք նաեւ, որ պետական կառույցները մինչ օրս չեն հրապարակել «Արմավիա»-ի կուտակած պարտքերի' իրենց մեկնաբանությունը: Անգամ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, որտեղ, ի դեպ, հենց հայտարարվեց, որ պետական մարմինները դիմել են դատարան, այս հարցի շուրջ պատգամավորների հարցերն այդպես էլ անպատասխան մնացին: