Այսօր՝ հունիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արթիկի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ կանչով մեկնելով Լմբատ 1 փողոցի 35 շենք՝ բնակարաններից մեկում հայտնաբերել են աղջկա դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի և քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Թփուկյանի գլխավորությամբ:
Բնակարանում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է, որ մահացածը ՌԴ քաղաքացի 27-ամյա Ցողիկ Այվազյանն էր, ում ամուսինը ոստիկաններին հայտնել է, թե կինը հանկարծամահ է եղել, սակայն կարճ ժամանակում Արթիկի ոստիկանները պարզել են իրականությունը:
Ընտանեկան և անձնական խնդիրներ ունենալու հետևանքով ամուսիններն հաճախակի են վիճաբանել իրար հետ, իսկ գիշերը հերթական վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ ամուսինը խոհանոցում կնոջը գցել է հատակին և խեղդամահ արել: Եվ, ըստ տեղեկությունների, կինը փորձել է դիմադրություն ցույց տալ, դանակով հարվածել է ամուսնու թևին, ով թեթև մարմնական վնասվածք է ստացել:
Ամուսինը՝ 37-ամյա Արտյոմ Ղազարյանը արդեն խոստովանական ցուցմունք է տվել և պատմել դեպքի հանգամանքները:
Ա. Ղազարյանը աշխատում է Արթիկ քաղաքում գործող գազալցակայանում՝ որպես լիցքավորող: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 104 հոդված (Սպանություն) հատկանիշներով: Ա. Ղազարյանը ձերբակալված է: