ՀԾԿՀ-ը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները կհաստատի հունիսի 7-ին:
Նիստի մասին ծանուցումն ու դրա օրակարգն արդեն տեղադրված են Հանձնաժողովի կայքում:
Ի դեպ, նշենք, որ համաձայն այդ որոշումների նախագծերի, հունիսի 7-ի նիստում Հանձնաժողովը թերեւս կհաստատի նախապես հայտարարված սակագները, այն է. 1 խմ գազի սակագինը բնակչության համար' 156 դրամ, էլեկտրաէներգիայի 1կՎտ/ժ-ի ցերեկային սակագինը' 38, գիշերայինը' 28 դրամ:
Նշենք, որ դարձյալ, ըստ Հանձնաժողովի հաստատմանը ներկայացված նախագծերի, գազի նոր սակագինը կսկսի գործել արդեն հուլիսի 1-ից: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, այս հարցի շուրջ որոշման նախագծում ժամկետն առայժմ բացակայում է:
Փաստորեն, ՀԾԿՀ-ն արդեն նշանակել է աղմկահարույց նիստի օրը, մինչդեռ, հիշյալ հարցերի շուրջ հանրության տեսակետն այդպես էլ Հանձնաժողովը չլսեց: Հիշեցնենք, մայիսի 29-ին Հանձնաժողովում նախանշված հանրային քննարկումը տապալվեց, այդպես էլ բուն թեմային չհասնելով:
Հիշեցնենք. ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանդիպումն ավարտել էր հայտարարելով, թե քննարկման անցկացման հետագա կարգի եւ տեղի մասին տեղեկատվությունը կտեղադրվի Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Սակայն, նոր քննարկման մասին հայտարարության փոխարեն տեղադրեց պաշտոնական հաղորդագրություն, որում բոլոր շահագրգիռ կողմերին խնդրվում էր գրավոր և բանավոր առաջարկությունները ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 31-ը, ժամը 18:00:
Եվ ահա սպասվող նոր քննարկման փոխարեն Հանձնաժողովը հայտարարեց արդեն նիստի օրն ու ժամը:
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ նիստը կգումարվի առանց հանրային քննարկում անցկացնելու, ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը խոստացավ ճշտել եւ պատասխանել ավելի ուշ: