Ուրալի մարզային դատարանը ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) Սահմանապահ ծառայության աշխատակցի 31-ամյա կնոջը՝ Անաստասիա Տելյատնիկովային դատապարտել է 18 տարվա ազատազրկման:
Նա մեղավոր է ճանաչվել իր որդուն դաժանաբար սպանելու և աղջկա նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:
Թմրամոլ կինը այս նախճիրը կատարել է, երբ ապրում էր Միջին Ասիայում և մտադրվել էր բաժանվել ամուսնուց: Այդ մասին հաղորդում է «interfax»-ը՝ հղում անելով ՌԴ Կենտրոնական զինվորական շրջանի զինվորական ոստիկանության մամլո ծառայությանը:
Ինչպես երևում է քրեական գործի նյութերից, 2012թ. ապրիլի 13-ին Ղրղզստանի Օշ քաղաքում բնակվող ՌԴ ԴԱԾ օպերատիվ սահմանապահ խմբի զինծառայողի բնակարանում հայտնաբերվել է կոկորդը կտրած 3-ամյա տղայի մարմինը: Միաժամանակ Օշի քաղաքային հիվանդանոց է փոխադրվել տղայի մեկուկես տարեկան քույրը՝ պարանոցի հատվածում կտրող գործիքով հասցված վերքերով:
Բժիշկներին աղջկա կյանքը հաջողվում է փրկել:
Այս նույն օրը ձերբակալվում է տուժածների մայրը՝ Անաստասիա Տելյատնիկովան, ով գտնվում էր թմրանյութի խոր ազդեցության մեջ: Աշխատանքից վերադարձած ամուսնուն նա ասել է, որ երեխաների հետ հաշվեհարդար են տեսել որպես քաղաքային գազի աշխատակիցներ ներկայացած երկու տղամարդ:
Քննության ընթացքում ի հայտ են եկել որդեսպան մոր գործողությունների դրդապատճառները: «Պարզվել է, որ ենթադրվող ամուսնալուծությունից հետո, չցանկանալով Ռուսաստանի զինվորական բազայում ծառայող ամուսնու մոտ թողնել երեխաներին, նա իր երկու անչափահաս տղային ու աղջկան հասցրել է դանակի բազմաթիվ հարվածներ»,- նշել են դատախազությունում:
Անաստասիա Տելյատնիկովայի քրեական գործը ընկնում էր ռուսական կողմի իրավասության տակ: Եվ, համաձայն Մոսկվայի ու Բիշքեքի միջև գործող համաձայնագրի, այն ղրղզական իրավապահ մարմինները հանձնեցին Ուրալի իրենց գործընկերներին:
Ռուսաստանի Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան չգտավ որևէ հիմք՝ հիմնավորելու դատավճիռը չեղյալ համարելու վերաբերյալ դատապարտյալի բողոքը և այն թողեց ուժի մեջ: