Զինվորական հոսպիտալում բուժում ստացող գնդապետ Արտակ Բուդաղյանի մորաքրոջ տղաները՝ Աշոտ և Ալիկ Սիմոնյանները, Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք չեն պատրաստվում վրեժխնդիր լինել, և հերքեցին այն տարածված տեղեկությունները, որ այսօր երեկոյան Գորիսում Բուդաղյանների երրորդ եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը, հավաք է կազմակերպում, որպեսզի քննարկեն Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ որևէ գործողություն անելու ծրագիրը:

«Ռուսաստանից եկած եղբայրը դեռ շոկի մեջ է: Չի հասկանում, թե ինչպես և ինչու կատարվեց, և ոչ միայն նա, բոլորն են այդ հարցը միմյանց տալիս»,-պատմեց Աշոտ Սիմոնյանը:

Վերջինս հերքեց նաև այն տեղեկությունը, որ Բուդաղյանների հայրը ուղեղի կաթված է ստացել: «Ես այսօր գիշերն եմ վերադարձել Գորիսից, ինքը ողջ-առողջ է և սգի մեջ է»,-: Ալիկ Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ Արայիկ Բուդաղյանին օդանավակայում դիմավորել է Արտակ Բուդաղյանի վարորդը:

«Ոստիկանապետը չի դիմավորել, նա չի հանդիպել Արայիկ Բուդաղյանին և որևէ հարց չի քննարկվել»,-շեշտեց նա՝ հերքելով այսօր մամուլում հայտնված տեղեկությունները, թե Վլադիմիր Գասպարյանն է դիմավորել Արայիկ Բուդաղյանին:

Եղբայրները տարբեր վարկածներ են լսել պատահածի մասին, բայց ստույգ ոչինչ չեն կարող ասել: «Վարկածներ են, փառք Աստծո, Արտակ Բուդաղյանը դեպի լավն է գնում և համոզված եմ, որ նա կտա բոլորի հարցերի պատասխանը»,-նշեց Աշոտ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Բուդաղյաններ-Սուրեն Խաչատրյան դարավոր թշնամանքին, ապա ըստ Աշոտ Սիմոնյանի՝ թշնամանք չի եղել, նունիսկ բարեկամական հարաբերություններ են ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր իսկ դիմումի հիման վրա:

Հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Այս դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում իր լիազորությունները, մինչև նախաքննությունը կավարտվի:

Զրույցի մանրամասները տեսանյութում: