«Բարև Երևան» դաշինքի քարտուղար Դավիթ Սանասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշում դաշինքը կկայացնի այսօրվա ընթացքում: Ինչ վերաբերում է քվեարկություններին չմասնակցելու որոշմանը, ապա Դավիթ Սանասարյանի խոսքով, յուրաքանչյուր նիստից առաջ կորոշվի առանձին: «Դա սովորական աշխատանքային պրոցես է»,- հստակեցրեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հունիսի ութին, շաբաթ օրը կայացած Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստին «Բարեւ Երեւան» դաշինքը որոշում էր կայացրել չմասնակցել այդ օրվա ոչ մի քվեարկությանը եւ այդ մասին պաշտոնապես հայտարարեց նիստի ընթացքում:

Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու դաշինքը քաղաքապետարանում, այն պարագայում, երբ ավագանու հաջորդ նիստը նշանակվել է արդեն սեպտեմբեր ամսին, Դավիթ Սանասարյանը նշեց, որ մինչ այդ տեղի են ունենալու նաեւ արտահերթ նիստեր, որոնց իրենք կմասնակցեն: «Բացի այդ, լինելու ենք Երեւանի վարչական շրջաններում, հանդիպելու ենք քաղաքացիների հետ, խնդիրներին ենք ծանոթանալու»,- ասաց Դավիթ Սանասարյանը' հավելելով, որ բոլոր վեր հանված խնդիրները հետագայում դաշինքը կներկայացնի արդեն ավագանու առաջիկա նիստերում: