Հանրապետականները դեռեւս տեղյակ չեն, թե ով կլինի Սյունիքի նոր մարզպետը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, այդ հարցը կորոշի նախագահ Սերժ Սարգսյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ նոր մարզպետը պետք է նորմալ մարդ լինի. - «Նման պատմությունների մեջ կարող է ցանկացած մարդ ընկել», - նախկին մարզպետի մասին խոսելիս՝ ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը եւ ավելացրեց, որ իր կարծիքով՝ Սուրիկ Խաչատրյանը նախաքննության ավարտից հետո չի վերանշանակվի մարզպետի պաշտոնում:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր հրաժարվեց ասել, թե ով կլինի Սյունիքի նոր մարզպետը: Նա ընդգծեց, որ այդ հարցը ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել, հետեւաբար կոռեկտ չէ որեւէ մեկի անունը հնչեցնել:
Մամուլում մարզպետի հնարավոր թեկնածուների մի քանի անուններ են շրջանառվում: Մասնավորապես, շրջանառվում է ծնունդով գորիսեցի, սպորտի փոխնախարար «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանի անունը: Նա հայտնի է իր բոցաշունչ ելույթներով՝ հատկապես «Հայոց պետականություն, ազգային բանակ եւ հայոց նախագահ» եռամիասնություն արտահայտող կարգախոսով: Ասրյանը այսօր խիստ զբաղված էր եւ չկարողացավ մեր հարցերին պատասխանել:
Հնարավոր թեկնածուների մեջ է նաեւ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Նա, ի դեպ, նույնպես Սյունիքի մարզից է: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իր հետ քննարկե՞լ են մարզպետի պաշտոնում իր հնարավոր նշանակման հարցը, Վարդան Ավետիսյանն ասաց, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել:
Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների մեջ է նաեւ Քաջարանի քաղաքապետ, Հանրապետականի տարածքային կառույցի ղեկավար Վարդան Գեւորգյանը: Այս մասին հայտնում է «Azatutyun.am»-ը: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, թե մարզպետի պաշտոնում պետք է նշանակվի ոչ միայն ծնունդով սյունեցի մեկը, այլեւ այնպիսի թեկնածու, ով բնակվում է այդ մարզում:
«Միշտ չէ, որ Երեւանում նախարարությունում կամ որեւէ այլ կառույցում աշխատողը կարող է ամբողջովին իրազեկ լինել մարզում առկա հիմնախնդիրներին: Սյունիքի մարզը իր ռելիեֆով, իր բնական առանձնահատկությամբ բավականին տարբերվում է այլ մարզերից», - ասաց Գեւորգյանը:
Քաջարանի քաղաքապետը, պատասխանելով հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է Սյունիքի մարզպետի պաշտոնում, ասաց, թե ինքը կուսակցության որոշումը հարգող անձնավորություն է, դա նաեւ տարիների փորձով է ապացուցել: Ըստ Գեւորգյանի՝ եթե ինքն ասի, թե ցանկություն չունի մարզպետ դառնալու, ապա կնշանակի, որ բավարարվում է քաղաքապետի պաշտոնով, եւ դա այն վերջնական հաջողությունն է, որին ինքը հասել է, բայց դա այդպես չէ:
«Իմ կուսակցության, քաղաքական իշխանության առաջարկությունների պարագայում ունեմ այդ ներուժը եւ հնարավորությունները էլ ավելի ծառայելու իմ ժողովրդին», - ասաց նա:
Քաջարանի քաղաքապետը միաժամանակ ընդգծեց, որ իր նշանակման հետ կապված որեւէ քննարկման չի մասնակցել եւ հետո, ըստ նրա, Սուրիկ Խաչատրյանը նոր է հրաժարական տվել, եւ ինքը դեռեւս պետք է մարսի այդ ամենը: 11 տարի Քաջարանը ղեկավարող քաղաքապետը ցավում է, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել, քանի որ նա ոչ միայն իր մարտական ընկերն է, ում հետ հանդիպել է Հորադիզում, այլեւս վերջին տասը տարիների ընթացքում Խաչատրյանը մարզում մեծածավալ աշխատանքներ է իրականացրել, անգամ սյունեցու տեսակի պահպանմամբ է զբաղվել:
«Նաեւ սյունեցու տեսակի պահպանության խնդիր կար, եւ պարոն Խաչատրյանը այս տարիների ընթացքում կարողացավ դա պահել մակարդակի վրա», - ասաց Գեւորգյանը:
Դիտարկմանը, թե հակառակ պնդումներ կան, որ Սյունիքում վախի մթնոլորտ է տիրում, մարզպետը եւ նրա հարազատները վերջին տարիներին մարզում ինչ ուզել, արել են եւ անպատիժ են մնացել, Քաջարանի քաղաքապետը հակադարձեց, թե դրանք սին մտքեր են: Մյուս դիտարկմանը, թե փաստ է, որ ներկայումս մարզպետի որդին եւ թիկնապահը կալանավորվել են եւ մեղադրվում են Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության եւ նրա եղբորը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, Գեւորգյանն ասաց, թե մեծ ցավ է, որ զոհ կա, բայց նաեւ ցավում է Խաչատրյանի որդու համար:
«Ցավում եմ 19-ամյա երիտասարդի համար, որի ճակատագիրը այսպես է դարձել, որովհետեւ դա կարող էր յուրաքանչյուրիս որդու հետ լինել, եւ յուրաքանչյուրը պետք է որ ցավ ապրի», - ասաց նա:
Մինչ իշխող ՀՀԿ-ն կորոշի նոր մարզպետի թեկնածուին, Սյունիք մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արա Դոլունցը, ով երկար տարիներ եղել է Սուրիկ Խաչատրյանի տեղակալը: Ինչ վերաբերում է նախկին մարզպետի ճակատագրին, ապա նշենք, որ նա շարունակում է մնալ Հանրապետականի խորհրդի անդամ: Կուսակցության ղեկավար մարմնից դուրս գալու հարց, ըստ Հանրապետականի խոսնակի, չի քննարկվել, եւ օրակարգում էլ նման հարց չկա:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանը երկար ժամանակ առանց պաշտոնի չի մնա: Մասնավորապես, քննարկվում է նրա պատգամավոր դառնալու հնարավորությունը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Սյունիքից ընտրված պատգամավոր, մասնագիտությամբ ուսուցիչ Հայկ Գրիգորյանը վայր դնի իր մանդատը: Անգլերենի մասնագետ Գրիգորյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Խաչատրյանի հետ, նա անգամ նախկին մարզպետին օգնել է անգլերեն պարապելու հարցում:
Պատգամավորը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրա՞ստ է Խաչատրյանի համար հրաժարվել մանդատից, Գրիգորյանն ասաց, թե իրեն խորհրդարան է գործուղել թիվ 37 ընտրատարածքի բնակչությունը, հետեւաբար վայր կդնի մանդատը միայն այն դեպքում, երբ իրեն ընտրած ժողովուրդը դժգոհի իր աշխատանքից: