ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանը բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, որոնք շրջանառել է իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում՝ միաժամանակ խուսափելով խոշոր չափերով հարկերից:
Պարզվել է նաեւ, որ նա խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել և կատարել այլ հանցավոր արարքներ:
ՀՀ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործ էլ վերաբերում է Արթուր Վասիլի Անդրեասյանի կողմից խարդախություն, իսկ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերին:
Վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, որում հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Արթուր Անդրեասյանի եւ Արտակ Ղուկասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջիններիս, նրանց նկատմամբ ունեն գումարային պահանջ, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: