Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Սանասար Հակոբյանը, վարելով «Opel Vectra» մակնիշի՝ Տ 5966 համարանիշի ավտոմեքենան, Նոր Արեշ 3-րդ փողոցի 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն 25-ամյա Աննա Ղազանչյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ղազանչյանը փողոցն անցնելիս է եղել մանկասայլակով, որի մեջ եղել է նրա տղան՝ Էրիկը: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված մայրն ու տղան բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. դուրս են գրվել և տեղափոխվել են տուն:
Քննիչի հանձնարարականով՝ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ նա եղել է սթափ, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք: