Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին պատմում է 1991 թվականին գորիսեցիներին ցնցած դեպքի մանրամասները: Դատախազության նախկին աշխատակցի պատմելով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու՝ Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.- ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ. «Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Սուրիկ Խաչատրյանը տանում է գերագույն շրջկոմի պատգամավորներին այնտեղ պատիվ տալու, պատգամավորների անունները չեմ հիշում, այլապես կասեի:
Այն ժամանակ Զոռզոռը իրենց մոտ ամենապատվաբեր տեղն էր հյուրերին կերակրելու համար: Ուտում են, խմում են, քեֆները լավանում է: Լիսկան Ա. Մ-ին ասում է երգիր, Էդ աղջիկը լավ ձայն ուներ, գեղեցիկ էլ աղջիկ էր: Ա.Մ-ն ամաչում է, բայց որ շատ են ստիպում, մի հատ երգում է: Մի 10 րոպեից հետո, երկրորդ անգամ էլի ասում են՝ երգիր, երգիր, էդ աղջիկը ամաչում է ու հրաժարվում է երգել: Սա էլ ասում է՝ քո տիրոջ մերը ու կրակում ուղիղ փորի մեջ: Հղի կնոջը մի կերպ տանում են, պտուղը հեռացնում: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցին, այն ժամանակ Սիսիանի դատախազը Գարիկ Պետրոսյանն էր:
Բայց սրանք գործը իրենց վրայից ցրեցին, ուղարկեցին ռազմական ոստիկանություն, իբր թե անհայտ մարդ է եղել կրակողը, չեն հայտնաբերել: 1990 թվականից առ այսօր այդ մարդը անպատիժ է մնում»: Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, ինքը Ա. Մ-ին դեպքից հետո հանդիպել է Սիսիանի դատախազության շենքի մոտ, հարցրել՝ ինչու չի բողոքում. «Ասաց՝ ես գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից»: