«Կարծում եմ, որ բնական է, որ Սուրեն Խաչատրյանը նման դիրքորոշում պետք է հայտներ. այլ կարծիք չէինք էլ կարող ակնկալել, բայց այն, որ մենք արդեն իսկ ունենք կանխակալ մոտեցում վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հրապարակվեց ՀՀ զինդատախազի կողմից, ես կարող եմ ասել, որ եթե գնում ենք այդ ուղղությամբ, չեմ կարծում, որ այդ հանցագործությունը, որը տեղի է ունեցել, կբացահայտվի, կբացահայտվի այնպես, ինչպես ընկալում է հասարակությունը»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ իր որդին ընդամենը ինքնապաշտպանվել է:

Վերջինիս խոսքերով՝ այս հանցագործությունը կարելի է դասել «հերթական՝ իբր բացահայտված հանցագործությունների շարքին, բայց իրականում հասարակությունը գիտակցում է, որ դա արդարացի չէ: Որևիցե հավաստի կամ հավատ ներշնչող քննություն այս պահի դրությամբ մենք չենք տեսնում»,-ասաց Փոստանջյանը: