«Այսօր դատարանը խախտեց քրեական դատավարության օրենսգրքի 342 հոդվածի պահանջը, որն ասում է այն մասին, որ վկայի ներկայանալը բացառող հանգամանքներ պիտի լինեն, որ նախաքննական ցուցմունք հրապարակեն, այսինքն այնպիսի հանգամանքներ, որոնք բացառում են այդ անձի ֆիզիկական ներկայությունը դատարան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վ. Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործի այսօրվա դատալսման ավարտից հետո հայտարարեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Հունան Բաբայանը:
Նշենք, որ փաստաբանը այսօր բոյկոտեց դատական նիստը և դատարանից դուրս եկավ նիստի ժամանակ այն բանից հետո, երբ դատարանը որոշեց բավարարել տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությունը չներկայացած վկաների՝ Հարություն Սարգսյանի մոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա դստեր՝ Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին: Երբ դատարանում սկսեցին հրապարակել Հարություն Սարգսյանի մոր ցուցմունքը, փաստաբանը հայտարարեց, որ դատարանն օրենքի կոպիտ խախտում է թույլ տալիս և հեռացավ դատարանի սենյակից, որից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ փաստաբանի բացակայության պատճառով ինքը չի ցանկանում, որ նիստը շարունակվի:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում դատական նիստը բոյկոտած փաստաբանը ասաց. «Դատակոչված անձիք, փառք Աստծո, կենդանի են, ոտքով-ձեռքով մարդիկ են, այնպես որ կարող են նրանք բերման ենթարկվել դատարան, կամ լավագույն դեպքում՝ եթե հիվանդ են, ապաքինվելուց հետո ներկայանալ դատարան: Չգիտես ինչու՝ դատարանը այդ բոլորը անտեսելուց հետո որոշեց, որ պետք է նախաքննական ցուցմունքները հրապարակվի: Ակնհայտ կոպիտ խախտմամբ նման որոշում կայացվեց, սա ակնհայտ ապօրինի որոշում է»:
Փաստաբանը հայտարարեց նաև, որ խիստ անհրաժեշտություն է այդ վկաների դատարան ներկայանալը, և որ դա բխում է արդարադատության, գործի օբյեկտիվ քննության շահերից: «Հատկապես Մանյա Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի ցուցմունքները վերաբերում են մեղադրանքի հիմքում ընկած շարժառիթներին՝ խանդով պայմանավորված սպանություն և այլն: Հետևաբար, եթե այդ շարժառիթի հանգամանքը լրացուցիչ չի քննվում, ուրեմն քանի՞ կոպեկ արժե այդ դատաքննությունը: Պետք է շարունակվի, և վկաներն էլ պետք է ներկայանան դատարան»:
Փաստաբանն ասաց նաև, որ դեռ չեն քննարկել, բայց չի բացառվում նաև, որ հանդես գան որոշակի հայտարարությամբ: Ասաց նաև, որ դատարանը մինչ այդ բերման ենթարկելու որոշում կայացրել էր:
«Ես չեմ կարող ասել՝ այդ ոստիկանը որքանո՞վ է իր պարտականությունները կատարել և որքանով չի կատարել: Իսկ դատարանը բերման որոշում ունի կայացրած նախկինում, այդ որոշումը չի կատարվել, որովհետև վկաներից որոշ մասը հիվանդ է եղել և ներկայացրել են համապատասխան փաստաթուղթ:
Բայց եթե վկան հիվանդ է, ուրեմն չի նշանակում, որ պիտի նախաքննական ցուցմունք հրապարակվի»,- ասաց փաստաբան Հունան Բաբայանը:
Քրիստինա Մկրտչյան