Տարիներ շարունակ ուսումնասիրելով առկա տվյալները՝ Google ընկերությունում բացահայտել են, որ համալսարանում ունեցած հաջողությունները և ստացած գնահատականները գրեթե պետք չեն գալիս աշխատանքի ընդունվելիս: Հետևելով այս հարաբերակցությանը՝ ընկերությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է աշխատանքի ընդունում այն մարդկանց, ովքեր համալսարանական կրթություն չունեն, ներկայացնում է Business Insider-ը:
The New York Times-ի հետ հարցազրույցում Google-ի մարդկային ռեսուրդների գծով ավագ փոխտնօրեն Լասզլո Բոքը հայտնել է, որ այժմ մեծանում է առանց կրթական աստիճանի աշխատակիցներ վարձելու միտումը: Նա նշել է, որ ժամանակի ընթացքում համալսարանական կրթություն չունեցող աշխատակիցների թիվն ավելացել է նաև Google ընկերությունում: Այս հանգամանքը վերջինս մեկնաբանում է նրանով, որ կրթական հաստատություններում ուսանողները սովորում են խնդիրներ լուծել միայն հատուկ միջավայրում, քանի որ այն, ինչ այնտեղ սովորում են, միանգամայն տարբեր է ընկերության պահանջներից:
Այնուհանդերձ, Google-ի աշխատակիցների մեծամասնությունը կազմում են համալսարանական կրթություն ստացած անձինք: