Հունիսի 20-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ձերբակալվել է նախագահի գործերի նախկին կառավարիչ 63-ամյա Աքիֆ Մուրադվերդիևը. տեղեկացնում է «Кавказский узел»-ը:
Նախկին պաշտոնյային ձերբակալել են օդանավակայանում այն պահին, երբ վերջինս մեկնում էր Մոսկվա:
Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:
Մուրադվերդիևին մեղադրանք է ներկայացվել մաքսանենգության համար: Թե կոնկրետ ինչում է նրա հանցանքը, իրավապահ մարմինների խոսքերով' դեռևս պաշտոնապես չի հայտարարվել: Կալանավորված նախկին պաշտոնյայի հարազատների խոսքերով' նրան մեղադրում են 18 հազար ոսկե մանաթի (մեկ մանաթը համարժեք է մեկ եվրոյի) ապօրինի արտահանման մեջ:
2005-ի աշնանը' խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Մուրադվերդիևը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին ձերբակալվել էր պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար:
2008-ին նրան ազատ էին արձակել առողջական վիճակից ելնելով' փոխարինելով 6 տարվա ազատազրկումը 5 տարվա պայմանական կալանքով: