ԳԱԼԱ. «Առաջիկայում հնարավոր պաշտոնանկություններ չեմ դիտարկում, առավել ևս ամռանը քաղաքական պրոցեսները, կարծես թե, ոչ ընդգծված են լինում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետի հետ կապված օֆշորային սկանդալը առիթ չէ, որպեսզի ՀՀ վարչապետը պաշտոնանկ արվի, ի պատասխան Գալուստ Սահակյանն ասել է' ցանկացած վարչապետի դեպքում հենց առաջին օրվանից շարունակ հնչում է պաշտոնանկության հարցը, հետո նորից լռում են:

Ըստ Սահակյանի' դա հայկական սցենար է դարձել և չի կարծում, որ վարչապետի փոփոխություն կլինի:

Խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին' Գալուստ Սահակյանն ասել է, որ իրենք քննարկումներին ծանոթացել են և կարծում է, որ հաշվետվության մեջ ՎՊ-ն ռիսկային շատ գոտիներ է մատնանշում' հիմնականում երկու ուղղություններով: Կառավարությունն էլ, բնականաբար, իր տեսակետը պետք է ներկայացնի:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով' ՎՊ-ի հաշվետվության ԱԺ-ի քննարկումները բավականին լուրջ իրողություն են և լուրջ հետևանքներ կունենան: «Երբ նման բան ենք ասում, միշտ մտածում են, որ ինչ-որ մեկին պիտի սպանեն, գործից հանեն: Նման երևույթներ չպետք է լինեն, ըստ էության, դեռևս ԱԺ քննարկումների առումով որևէ քաղաքական թիմ ամբողջական կարծիք չի ներկայացրել, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզպետ նշանակելուն, Սահակյանն ասել է, որ Կառավարությունը երբ նպատակահարմար գտնի, այն ժամանակ էլ կներկայացնի նոր մարզպետին:

Իսկ այն, որ վերջին շրջանում իշխող քաղաքական ուժը սկսել է յուրայինների քննադատությամբ հանդես գալ, Սահակյանի խոսքով դա չի կարելի դիտարկել, որ «Եթե նշանակվել եք աշխատանքի' աշխատեք, եթե չէ' կպատժվեք»,- ասել է պատգամավորը' հավելելով, որ իրենք չեն կանգնելու այն մարդու թիկունքին, ով զանցանք է գործել:

Լիլիթ Թադևոսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի