Lragir.am. Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը երկրից հեռանալու առիթ է փնտրում, որպեսզի ժամանակ ձգի մինչեւ աշուն: 10 օր նա արձակուրդում է եղել, անցյալ շաբաթվա վերջում նոր էր վերադարձել Վիեննայից եւ այսօր էլ մեկնում է Լեհաստան:
Սերժ Սարգսյանի լռությունն արդեն կասկածելի է թվում: Սպասվում էր, որ վերադառնալով Վիեննայից, նա կհավաքի ՀՀԿ ավանդական գործադիր կոմիտեն, որից հետո Էդուարդ Շարմազանովը կամ կհայտարարի Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, կամ էլ կասի, որ Սերժ Սարգսյանն անձամբ է նրան գրանցել օֆշորում:
Սակայն Շարմազանովին, դատելով նրա հեռուստաելույթներից, հանձնարարել են պայքարել «այլընտրանքի» դեմ, եւ այժմ նա ակտիվորեն համոզում է «այլընտրանքին», որ իշխանությունը միասին են կառուցել, նշանակում է նույնպես միասին են մեղավոր:
Իսկ Սերժ Սարգսյանը Լեհաստան է մեկնել եւ հայտնի չէ, թե այնտեղից ուր կգնա: Հնարավոր է, լրիվ արձակուրդ կվերցնի, միգուցե Ամերիկա մեկնի, այդպես ավելի շատ ժամանակ կարելի է շահել, որովհետեւ մինչեւ աշուն ժամանակ շահելը Հայաստանի ղեկավարության այժմյան գլխավոր խնդիրն է:
Հանգստյան օրերին Երեւանում Սերժ Սարգսյանին «բռնացրել» է միայն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Նրանից հավանաբար դժվար է թաքնվել, առավել եւս, որ հիմնականում Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու խնդիրն է քննարկվել, որը պաշտպանում է ռուսական ԱԴԾ-ը:
Հայտնի չէ, թե ինչու էր անհրաժեշտ շտապ քննարկել այդ հարցը, չնայած կարելի է ենթադրել, որ Հայաստանի եվրոպացի գործընկերները պահանջում են սահմանային վերահսկողության վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ պայմանագրի վերանայում: Եթե Հայաստանը մտադիր է ԵՄ հետ Ասոցիացիայի համաձայնագիր ստորագրել եւ ազատ առեւտրի գոտի ստեղծել, իր սահմանները չեն կարող երրորդ երկրի սահմանապահներ պահել:
Այս երկու ամիսները հավանաբար ամենախնդրահարույցն են լինելու Սերժ Սարգսյանի ղեկավարության շրջանում: Նա, իհարկե, կարող է լռության մարտավարություն ընտրել, չարտահայտվել Տիգրան Սարգսյանի կամ Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին, սակայն նա չի կարող խուսափել երկու գլխավոր խնդիրներից՝ Ռուսաստանից կախվածության նվազեցում եւ Կրեմլից իշխանափոխության չթույլատրում: Առավել եւս, որ Հայաստանում ներքին խժդժոցն այս երկու խնդիրների ածանցյալն է:
Նաիրա Հայրումյան