Այս օրը՝ հունիսի 26-ը, Խոշտանգումների դեմ պայքարի միջազգաին օրն է: Այսօր «Հայաստանն առանց խոշտանգումներ»-ի գրությամբ շապիկներով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Ոստիկանության շենքի դիմաց:
Կազմակերպիչներն էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունները:
Ոստիկանները, սակայն, շրջափակեցին ոստիկանության շենքը և արգելեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ ոստիկանության գլխավոր շենքին՝ պատճառաբանելով, որ Ոստիկանության շենքը ռազմական նշանակություն ունի, որտեղ արգելված է ակցիա անել: Ակտիվիստներն այս պատճառաբանությունը համարեցին օրենքի կոպիտ խախտում:
Մասնակիցների ձեռքերում կային «Հանցագործությամբ հանցագործություն մի՛ բացահայտեք», «Բացահայտե՛ք և պատժե՛ք», «Ծեծող ոստիկանը տկարամիտ մսագործ է», «Կոչ ենք անում զերծ մնալ խոշտանգումներից» գրություններով պաստառներ:
Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և այլ շահագրգիռ պետական մարմիններին:
Նախատեսված էր քայլերթ և պիկետ նաև Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: