Lragir.am. ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. և 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն.Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը: Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:
Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:
2008-2011թթ. Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ.-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:
Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ» :
Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ:  

Թրանսփարենսի ինթերնեշնլ