ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև սկսված կոմպրոմատների պատերազմի և ՎՊ վերջին հաշվետվության և իշխանության ներսում կարծես թե առաջացած հակամարտության մասին ԳԱԼԱ-ի հետ զրուցել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ քաղաքական գործչի' ՎՊ ներկայացրած հաշվետվությունից հետո այս թեմայով զրույցներն ավելի ակտուալ դարձան, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հասցեին սկսեցին իրենց խոսքերում քննադատական վերաբերմունք ու խոսքեր հնչեցնել:
«Ես չէի ասի, թե այդ պայքարն ընդգծված է, բայց մեզ համար կարևոր է ՎՊ հաշվետվությունում ներկայացված այդ դրվագները, որպեսզի ՎՊ մասին 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն դիմեն դատախազությանը»:
Պարոն Հակոբյանը նշել է, որ «Ժառանգությունը» հետամուտ է լինելու, որ ՎՊ դիմի դատախազություն և նման առաջարկով արդեն դիմել է ՎՊ նախագահին:
«Թե ինչպիսի վերաբերմունք կդրսևորի ՎՊ և ինչ շարունակություն կունենա այս հաշվետվության և դրա մեջ եղած փաստերը, ինչ տրամաբանական զարգացում կունենա, դրանից հետո արդեն կարելի կլինի գնահատականներ տալ»,- հավելել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով սուբսիդավորված դիզվառելիքի ձեռքբերման վերաբերյալ մեղադրանքին, որը կոնկրետ մեսիջ էր՝ ուղղված Հովիկ Աբրահամյանին, պարոն Հակոբյանն ասել է.
«Վերահսկիչ պալատի նպատակներից մեկը կարող է լինել այն, որ իշխանության ներսում որոշ վերադասավորումներ են գնում, իշխանության ներսում որոշ թևեր են ձևավորվում, և հնարավոր է, որ ՎՊ օգտագործի մի կողմը մյուս կողմի դեմ: Այս առումով հետաքննություն է սկսված, և եկեք սպասենք արդյունքներին, ինչից հետո պարզ կլինի, թե դրանք քաղաքական շեշտադրումներ էին, թե իսկապես օբյեկտիվ դիտարկումներ»:
Ըստ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի' այս ողջ գործընթացում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է որևէ դերակատարություն ունենա:
«Նորմալ պետություններում նման հարցերում նախագահը պետք է ոչ մի դեր էլ չունենա, պետք է լինի օրենքի դերակատարություն: Հիմա պետք է սպասենք՝ օրենքը դերակատարելու է, թե ոչ: Այս պահին Սերժ Սարգսյանը օրենքով ինչ-որ բան անելու ոչ մի լիազորություններ չունի»:
Այս ամենի արդյունքում, ըստ քաղաքագետի, այնպիսի փաստեր են հայտնաբերվել, որ կամ պետք է լինեն պաշտոնանկություններ, կամ պետք է դրանք գնահատվեն որպես զրպարտություններ:
«Սա չի կարող այսպես չեզոք ավարտ ունենալ»,- հավելել է Ռուբեն Հակոբյանը:
Տաթեւ Ֆռանգյան