Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Տիգրանուհի Մեհրաբյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Տիգրանուհի Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով շտապօգնության բուժքույր, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, լինելով ֆելդշերական բրիգադի անդամ, Գավառի ԲԿ-ում ստացված շտապօգնության կանչի հիման վրա շտապօգնության ավտոմեքենայով մեկնել է Գավառ քաղաքի նախկին հիվանդանոցի շենքի հետնամասի հատված, որտեղ ոչ պատշաճ կատարելով իր մասնագիտական պարտականությունները, ցանկապատից գլխիվայր գետնին ընկած և ճակատի աջ կեսում ու աջ քունքային շրջանում վնասվածքներ ստացած Սիմոն Նիկողոսյանին ներարկելով ցավազրկող դեղորայք, նշանակություն չտալով նրա մոտ առկա մարմնական վնասվածքներին և վիճակին' հիվանդին չի տեղափոխել հիվանդանոց՝ համապատասխան հետազոտությունների իրականացման, հիվանդի իրական վիճակի ճշտման և հնարավոր բուժօգնություն ցուցաբերման համար:
Ֆելդշերական բրիգադի կազմում չունենալով բժիշկ, ուստի և իրավասու չլինելով ախտորոշել հիվանդի վիճակը, կրկին անգամ ստացված կանչի հիման վրա շտապբուժօգնության ավտոմեքենայով մեկնել է Սիմոն Նիկողոսյանի բնակարան, որտեղ վերջինս եղել է անգիտակից վիճակում, ինչին Տիգրանուհի Մեհրաբյանը նշանակություն չտալով և իր մասնագիտական պարտականությունները չկատարելով' հիվանդին չի տեղափոխել հիվանդանոց, որն էլ առաջացրել է Սիմոն Նիկողոսյանի մահ:
Գործով մեղադրյալ Տիգրանուհի Մեհրաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: