Lragir.am. Իշխանության ներսում տեղի ունեցող տեսանելի և ոչ այնքան հակադրությունները իրենց ամբողջական արտահայտությունը ստացան հունիսի 29-ի առավոտյան նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Ներիշխանական ինչ որ խմբավորումների միջև հակասությունների մասին գրեթե բոլորը գիտեն, վերջերս տեսանք նաև, թե ինչպես և որտեղ են դրանք արտահայտվում: Բայց թե ինչպիսի դիրքորոշում ուներ Սերժ Սարգսյանն այս հարցում, հայտնի չէր, իսկ սա կենտրոնական խնդիրներից մեկն է, որովհետև իշխանության մի շարք հիմնարար օղակներում արմատացած Սարգսյանը իշխանությունը հանձնելուց մեծ ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա:
Ու մինչ տեղի կունենար հանդիպումը, ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, թե կարծես Սերժ Սարգսյանը հակադրության մեջ գտնվող խմբավորումների մեջ փորձում է ընդամենը ստանձնել մոդերատոր/կուրատորի դերակատարությունը: Բայց հանդիպումն այլ բան ցույց տվեց: Սերժ Սարգսյանը բռնեց այսպես ասած «թույլի» կողմը: Սկանդալի մեջ գտնվող Տիգրան Սարգսյանի հասցեին որևէ սաստող մեկնաբանություն չարվեց, փոխարենը դա արվեց Իշխան Զաքարյանին ու Վերահսկիչ պալատին: Բացի այդ, ըստ էության մեղմացվեց թալանի մասին ՎՊ հայտարարծ թվաբանությունը: Իսկ խորհրդարանական մեծամասնության վարքն էլ թիրախավորվեց:
Հասկանալի է Սերժ Սարգսյանի ռազմավարությունը՝ Հանրապետական մեծամասնության ու կորիզի՝ ԱԺ խմբակցությանը հակակշիռ ամրացնել Կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին. սա նոր բան չէ: Բայց ի՞նչ խնդիր կա իշխանության մյուս թևի հետ: Չէ՞ որ Հովիկ Աբրահամյանը ևս նվիրված է եղել Սերժ Սարգսյանին, հավատարիմ կերպով (չհաշված մի փոքրիկ միջադեպ) ներդրել իր բոլոր ջանքերն ընտրություններում, նույնիսկ կարելի է ասել հաղթել է ընտրությունները Սերժ Սարգսյանի համար: Քննարկվող հիմնական վարկածներից մեկն այն է, որ թե Իշխան Զաքարյանը, թե Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ազդեցության տակ են գտնվում, ուստի վերջիններս ավելի քիչ վստահելի ու յուրային են: Բնականաբար, ինչ որ առումով դա այդպես է. թե Աբրահամյանը, թե Զաքարյանը իրենց իշխանությունն ունեցել են նաև Քոչարյանի տարիներին, ինչպես ասենք Սերժ Սարգսյանը: Զաքարյանը նույնիսկ ԲՀԿ կազմից պատգամավոր է ընտրվել 2007 թվականին:
Պարզ է, որ նման մոտեցումը, կողմերից մեկի հանդեպ կողմնապահ վերաբերմունքն ուղղակի պահի տակ չէ, որ արվում է, ուրեմն կա որոշակի նպատակ: Փաստն այն է, որ ներիշխանական պայքարում ինչքան էլ Տիգրան Սարգսյանն ունենա արևմուտքից ռեսուրսներ ու լեգիտիմություն ներմուծելու ընդունակություններ, բայց արդեն ներսի մրցավազքում պարտվում է Հովիկ Աբրահամյանին: Աբրահամյանին ընդհանրապես ներսում պարտվում են բոլորը, պարզ պատճառով ՝ ընտրությունների կազմակերպման «ծանր» բեռը ՀՀԿ-ի համար ստանձնել, իշխանության համար կենտրոնական՝ վերարտադրության խնդիրն ապահովել է Աբրահամյանը: Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության մյուս թևերը ձախողվեցին ընտրությունների կազմակերպման «նոր» մոտեցումների հարցում, ու հաջողեց հինն ու ավանդականը: Սա իհարկե չէր կարող անհետևանք մնալ, ու բնականաբար տեսականորեն մեծացրեց Աբրահամյանի իշխանության ընդլայնման հնարավորությունները:
Ու անկախ նրանից՝ Աբրահամյանը Քոչարյանի, ԲՀԿ-ի հետ ինչ հարաբերությունների մեջ է, պարզ է մի բան, նա ավելի մեծ հակակշիռ կարող է դառնալ Սերժ Սարգսյանին տարիներ անց, քան Տիգրան Սարգսյանը: Այդ է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնության հասցեին հնչում է նկատողություն՝ տեսական նկատողություն, միգուցե և տեղին, միգուցե ոչ, իսկ օֆշորային բացահայտված գործարքում հայտնված Տիգրան Սարգսյանի հարցում որևէ բան չի հնչում: Ու սա նաև Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական հատկանիշներից մեկի՝ կոմպրոմատային կառավարման շրջանակում է տեղավորվում: Վարչապետն այս պահին ավելի մեծ «պարտքի» տակ է նախագահին, քան որևէ այլ ոք իշխանության ներսում, առավել ևս Հովիկ Աբրահամյանը: Իսկ պարտքերը վերադարձնելու ժամանակը մի օր գալու է:
Սա իհարկե տեղավորվում է նաև օլիգարխիայի դեմ չհայտարարված պատերազմի շրջանակներում, որի առաջին զոհը փաստացի ԲՀԿ-ն էր, ու նախագահականում տեղի ունեցած հանդիպումը այլ քայլերի շարքում միտված էր ևս մեկ անգամ թուլացնել իշխանության ներսում Բարգավաճի հնարավոր հենարանները:
Սա իհարկե կարելի էր անվանել իշխանության երիտասարդ հատվածի հաղթանակ ավագների հանդեպ, կարելի էր անվանել «ողջախոհ երիտթևի» հաղթանակ ավանդական օլիգարխիայի հանդեպ: Բայց սա միայն նախագահականում տեղի ունեցած հանդիպման ու Սերժ Սարգսյանի դիրքորոշման շրջանակներում, իսկ իրականության մեջ ամեն ինչ հակառակն է՝ երիտասարդ հատվածն է օֆշորային սկանդալի մեջ, ոչ թե «հին ու բարի» օլիգարխիան:

 Լեւոն Մարգարյան