Lragir.am. «Վերջին ժամանակներս հաճախ եմ դիտում մեր ընտանեկան հին տեսաերիզները, ուր ամփոփված են 20 տարվա վաղեմության իրադարձություններ: Կասեք' ծերանում եմ, բայց ես այդ կերպ հարազատներիս կարոտն եմ առնում, որոնք թողել-հեռացել են Կապանից, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: Նրանց կարիքը շատ եմ զգում, հատկապես, ընտանեկան միջոցառումների ժամանակ, երբ հավաքվում ենք, հասկանում եմ, որ համարյա թե էլ հարազատ չունենք մեր կողքին», - այսպես սկսվեց մեր զրույցը ծնունդով կապանցի 38-ամյա Արմինե Աբրահամյանի հետ:
Երիտասարդ կնոջ աչքերում թախիծ ու անսահման կարոտ կար, երբ խոսում էր ակամայից գաղթի ճանապարհը բռնած հարազատների, ընկերների ու հարեւանների մասին: «Մոտ 20 տարի առաջ ամուսնուս քույրն ընտանիքով տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: Վատ տարիներ էին' հետապատերազմյան շրջան… Երկու մանկահասակ աղջիկ ունեին, այնտեղ էլ տղա ունեցան: Հետո նրանց մոտ ընտանիքներով տեղափոխվեցին փեսայիս քույրն ու եղբայրը, նաեւ' ամուսնուս փոքր քույրը, ով այնտեղ էլ ամուսնացավ' դարձյալ Կապանից Ռուսաստան տեղափոխված մի տղայի հետ», - շարունակելով իր պատմությունը, ասաց տիկին Արմինեն:
Նրա խոսքով հարազատները արտերկրում մնալու մտադրություն չեն ունեցել, սկզբում այդքան էլ լավ չէին ապրում, սակայն տարիների ընթացքում գործերը լավացան ու որոշեցին մեկընդմիշտ մնալ այնտեղ: Կապանի տունը չեն վաճառել, ամառանոց էլ ունեն, վերջերս նոր բնակարան են գնել մայրաքաղաքում, բայց վերադառնալու մտադրություն չունեն: Անգամ, եթե տարիներ առաջ այդ մասին խոսում էին, հիմա էլ չեն խոսում: Երեխաները Կապանում չեն մեծացել, եւ այն իրենց հայրենի քաղաքը չեն համարում: «Միակ սփոփանքն այն է, որ տարին մեկ-երկու անգամ այցելում են մեզ: Չնայած, վերջին տարիներին գերադասում են հանգստանալու մեկնել մեկ այլ տեղ, քան այցելել Կապան: Ասում են' այստեղ ամեն ինչ շատ դանդաղ է փոխվում, մարդիկ էլ հոգսաշատ են»:
Տիկին Արմինեի հարազատներից մորեղբայրներն ու մորաքույրերը եւս հեռացել են Կապանից, քույրն ընտանիքով մայրաքաղաքում է ապրում: «Մայրս մեծացել է բազմազավակ ընտանիքում' 9 երեխա են եղել, այսօր Կապանում մնացել են երկուսով' մայրս ու մորաքույրս, մյուսներն ընտանիքներով տարիներ առաջ են վերաբնակվել այլ երկրներում»: Արմինեն, որի տխուր հուշերի կծիկը չէր վերջանում, պատմեց նաեւ ամուսնու հորեղբոր, իր մորեղբոր ընտանիքների Կապանից արտերկիր հեռանալու պատմությունները: Շատ տխրեց, երբ խոսեց սիրելի հարեւանուհու մասին, ով մեկ ամսի առաջ վերադարձել է Տամբովից եւ վաճառում է տունը' այլեւս Կապան չվերադառնալու նպատակով:
Ամուսնալուծված ընկերուհին եւս որոշել է մշտական բնակության մեկնել Ռուսաստան' քույրերի մոտ: «Ով կմեղադրի: Երկու աղջիկ ունի, տուն չունի, ստանում է ընդամնեը 18 հազ. դրամ հաշմանդամության թոշակ, իսկ աղջիկներին պահել ու մեծացնել է պետք», - ասում է Արմինեն: Կապանի Մինաս Պապյան փողոցի 4-րդ շենքում է բնակվում Արմինեն իր ամւսնու եւ երկու որդիների հետ: Այդ շենքը կապանցիներն անվանում են «խոպանչիների շենք»' ասել է, թե բնակիչները պարբերաբար արտագնա աշխատանքի են մեկնում:
« Գիտեմ, որ մի մասը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, մի մասը' Իրանի Իսլամական Հանրապետություն: Օրինակ, Բելլայի ամուսնուն 18 տարի է ճանաչում եմ, 18 տարի է մեկնում է արտագնա աշխատանքի ու ընտանիքն էլ լավ պահում է: Հիմնականում մեկնում են ընտանիքի տղամարդիկ, երբեմն իրենց հետ տանելով որդիներին, իսկ դիմացի հարեւանուհիս ինքն է մեկնել Մոսկվա' երկու որդիներին ու դստերը թողնելով ամուսնու խնամքին: Ռեստորանում աման է լվանում, լավ էլ վաստակում է ու այդպես պահում ընտանիքը»:
Տիկին Արմինեի ընտանիքը սոցիալապես անապահով չէ: Ինքն ու ամուսինն աշխատում են, համեմատաբար լավ են վաստակում, բայց իր ասելով, եթե խոշոր ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինում, օրինակ' տղայի ուսման վարձը վճարելը, օգնում են արտերկրի հարազատները: «Ես ու ամուսինս շատ ենք մտածել Ռուսաստան տեղափոխվելու մասին, բաց միշտ ինչ-որ բան այդ մտքից մեզ ետ է պահել, չգիտեմ, միգուցե այն, որ հաճախ ինձ թվացել է, թե արտերկիր մեկնածներից յուրաքանչյուրն իր հոգու խորքում հայրենիք վերադառնալու հույս է փայփայում…», - մեր զրույցն այսպես ավարտեց տիկին Արմինեն, ում աչքերում լճացել էին արցունքները' հայրենիքից հեռացած հարազատների հանդեպ ունեցած անսահման կարոտից:
Գոհար Իսախանյան, Կապան