Օրեր առաջ ԳԱԼԱ-ն գրել էր, որ ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանն ինքնասպան է եղել: Այսօր մենք կապ հաստատեցինք Հազրոյանի հոր՝ Արմեն Հազրոյանի հետ և փորձեցինք պարզել, թե արդյոք դեպքի հետ կապված նոր հանգամանքներ են հայտնի նրան: Արմեն Հազրոյանն ասում է, որ իրենք ամեն օր զրուցել են կալանավայրում գտնվող իրենց որդու հետ, նա ոչ մի դժգոհություն չի ունեցել, վերջինիս մոտ տրամադրության անկում չեն նկատել: Նա մտածում է, որ եթե Հազրոյանը խնդիրներ ունենար, ապա գոնե եղբորը հաստատ կասեր այդ մասին: Այնուամենայնիվ հայրը վստահ է, որ որդուն սպանել են, այլ ոչ թե նա է ինքնասպան եղել: «Մանվելը շատ ուժեղ էր՝ ինքնասպան լինելու համար. դա բացառված է: Եթե դուք տեսնեիք նրա դիակը, ապա դուք էլ կհամոզվեիք, որ նրան տանջամահ են արել. ինքնասպան եղածի կոկորդի վրա դանակի հետքե՞ր են լինում, ինքն իրեն ո՞նց պիտի կախեր, երբ իրեն պահում էին մեկուսարանում, կամ ո՞նց է ճղել «ադիալը». էդ ո՞վ է կարողանում «ադիալը» ձեռքով ճղել»,- մեզ հետ զրույցում ասում է Հազրոյանն ու հավելում, որ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու է սպանության հանգամանքները բացահայտելու համար: ԳԱԼԱ-ի հարցին, թե արդյոք նա չի զրուցել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ, ովքեր պատասխանատու էին Հազրոյանի կյանքի ու անվտանգության համար, Արմեն Հազրոյանը բացասական պատասխան է տալիս ու նշում, որ չի խոսել ոչ ոքի հետ, որովհետև ի՞նչ պիտի խոսի նրանց հետ, ովքեր այդ ամենի հեղինակներն են: «Հո չեն ասելու՝ հա, ճիշտ եք ասում»,- խոսքը եզրափակում է նա:

Հազրոյանի ինքնասպանությունը թերևս ամենացավալին է վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած դեպքերից. հիշենք, որ մարտ ամսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Զավեն Մարկոսյանը իր վրա լուծիչ էր լցրել՝ ի նշան բողոքի, «Սևան քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել, նույն քրեակատարողական հիմնարկի մեկ այլ դատապարտյալ Կամո Պապյանը կարել էր բերանն ու հացադուլ հայտարարել. կարծես թե այս ամենը քրեակատարողական հիմնարկներում դարձել է դատապարտյալների համար բողոք արտահայտելու միջոց:

Որո՞նք են այն հիմնական դժգոհությունները, որոնց պատճառով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձիք վտանգում ենն սեփական առողջությունը, ձեռք բարձրացնում կյանքի վրա, դառնում ագրեսիվ իրենց և մյուսների նկատմամբ, փորձեցինք պարզել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանից:

«Եթե դատապարտյալներին հարցնես, թե ինչպիսին է նրանց սնունդը բանտում, ապա նրանք կասեն՝ մեզ սնունդ պետք չէ, մեզ հուզում է մեր վաղաժամկետ ազատման խնդիրը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին հայտնում է Դանիելյանը և նշում, որ չնայած քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալներն ունեն սննդի, բնակմակերեսի խնդիր, բայց նրանց ամենաշատը հուզում է այն, որ Հայաստանում չկան վաղաժամկետ ազատման համար կիրառվող մեխանիզմներ: Նա ասում է, որ զարգացած մի շարք երկրներում կան այդպիսի մեխանիզմներ և չափանիշներ, շնորհիվ որոնց գնահատվում է մարդու կրկնահանցագործություն կատարելու ռիսկայնությունը, և ըստ այդ էլ որոշվում են վերջինիս վաղաժամկետ ազատ արձակման պայմանները: Իսկ Հայաստանում, ըստ Դանիելյանի, դա կատարվում է մասնագետների կամայականության սկզբունքով, որն էլ հանգեցնում է դատապարտյալների լարված հոգեվիճակին:

Բացի այդ, նա նշում է, որ քրեակատարողական հիմնարկներում չկան արդյունավետ բողոքարկման մեխանիզմներ: Այսինքն՝ մարդու գրած դիմումը չի ստանում այն արձագանքը, որը կփոխի իր իրավիճակը, ուստի նա մտածում է այլ միջոցներ՝ իր վրա ուշադրություն գրավելու համար:

Դանիելյանի խոսքով՝ մարդկանց իրավունքները բավականին շատ են խախտվում ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ նաև նրանց դատական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքում: Մասնավորապես՝ նախաքննության ժամանակ նրանց խոշտանգումների են ենթարկում, նրանց չեն տրամադրում կամ հորդորում են չպահանջել փաստաբան, դատաքննության ընթացքում թերևս ամենալուրջ խնդիրն ըստ Դանիելյանի այն է, որ պաշտպանական կողմը չունի այնքան ուժ, որքան մեղադրական կողմը: «ՀՀ-ում դատավճիռների 99 %-ի դեպքում հաղթում է մեղադրական կողմը»,- ասում է նա ու հավելում, որ իմանալով մեր նախաքննական մարմինների կատարած աշխատանքը՝ ինքը համոզված չէ, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ արվում և բացահայտվում է ճիշտ:

Դանիելյանը առանձնացնում է մեկ կարևոր խնդիր ևս. երբ մարդու նկատմամբ խոշտանգումների ենթադրյալ դեպք է բացահայտվում, և գործը ուղարկվում է Հատուկ քննչական ծառայություն, ապա թվում է, որ պետք է հենց հատուկ քննչականը զբաղվի գործի քննությամբ: Սակայն պարզվում է, որ այս մարմինը խոշտանգման մասին ահազանգը ստանում է, ուղարկում ոստիկանություն, և եթե ոստիկանությունը պարզում է, որ խոշտանգում եղել է, ապա այդ դեպքում նոր Հատուկ քննչականը գործ է հարուցում: Դանիելյանը ասում է, որ իրենք այդ հարցը բարձրացրել են ՀՀ Դատախազության առաջ, սակայն կարծես խնդիրը որպես այդպիսին լուծում չի գտել:

Իսկ որքանո՞վ է հավանական, որ խոշտանգում կատարած անձը կամ մարմինը կբացահայտի իր կատարած խոշտանգումը…

 

Արաքս Մամուլյան