ԳԱԼԱ. Սահմանամերձ գյուղերը դատարկվում են, քանի որ այնտեղ չկա ապրելու հնարավորություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆերմերային տնտեսություն միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հարությունյանը և փոխնախագահ Վաչագան Գևորգյանը հայտնել են, որ շուրջ 3 ամիս է' ստեղծել են իրենց կազմակերպությունը, որի նպատակն է օգնել գյուղացիներին ֆերմերային տնտեսություններ զարգացնել, դրանով գումարներ վաստակել և մնալ գյուղերում:

«Մենք օգնելու ենք չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին' սերմերով և պարարտանյութերով և սկսելու ենք Տավուշի մարզից»,- նշում է Տիգրան Հարությունյանն ու հավելում, որ արդեն դիմում են ներկայացրել Վիճակագրական ծառայություն' բազմազավակ ընտանիքների ցուցակը իրենց տրամադրելու համար:

Ֆինանսական օգնություն ՀԿ-ի անդամները սպասում են բարերարներից, հիմնադրամներից: Ասում են' շրջել են բազմաթիվ գյուղերում և կան այնպիսիները, որոնցում վեց բնակիչներ են ապրում: Գյուղի մյուս բնակիչները կա´մ արտագնա աշխատանքի են գնացել, կա´մ քաղաք տեղափոխվել:

ՀԿ-ի անդամները նպատակ ունեն ոչ միայն օգնել գյուղացիներին նոր տնտեսություններ ստեղծել, այլ նաև միավորել արդեն եղած ֆերմերներին: «Մենք ուզում ենք կապեր հաստատել ֆերմերների միջև, որ առանց թափոնի արտադրություն լինի: Օրինակ' այգեգործի թափոնը տրամադրվի թռչնաբույծին, եթե դա նրան պետք է»- նշել է Հարությունյանը:

Արաքս Մամուլյան