Lragir.am. Կիրակնօրյա նոթեր
Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման քննարկումն ի վերջո հանգեցրեց պատերազմի թեմայի քննարկմանը Հայաստանում: Եթե Ադրբեջանի զինանոցը լրջորեն հարստացավ նորագույն հզոր զինատեսակներով, Հայաստանի օգուտն էլ էս քննարկումը եղավ. թե չէ ինչքա՞ն կարելի էր բավարարվել պնդումով, թե Ալիևի սպառնալիքները մենակ ներքին օգտագործման համար են: Հակառակ դեպքում մի օր կպարզվի, որ նստած ենք եղել մեր Թմուկ բերդում «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»:
Քննարկումն անհրաժեշտ է, քանի որ մեր սահմանակից երկիրը պատերազմով սպառնում է տարիներ շարունակ: Ադրբեջանում մեծացել է սերունդ, որը ներծծված է պատերազմի քարոզով: Բաքվի հեռուստաալիքներից մեկը իր լուրերն ամեն օր սկսում է տեղեկությամբ, թե քանի տարի-ամիս-օր է, ինչ Ղարաբաղը գրավված է Հայաստանի կողմից: Էդ երիտասարդները հայ երեխաների հետ չեն սովորել դպրոցում, խաղացել բակում, չեն ծառայել սովետական բանակում, որտեղ «ավելի լավ ընկերություն են արել, քան վրացիների հետ», ինչպես շատերը Հայաստանում են պատմում: Այսինքն, կարող է գալ մի պահ (կամ արդեն եկել է), երբ որ պատրաստի «թնդանոթի միսը» ինքը ստիպի, որ իրեն օգտագործեն որպես «թնդանոթի միս»:
Հայաստանը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց խաղաղությունը հնարավոր չէ միակողմանի պահպանել: Դա գլխավոր պատճառն է, որը կարող է ստիպել Հայաստանին առաջինը հարված հասցնել Ադրբեջանին:
Սրանից բխում է երկրորդ պատճառը: Երկիրը, որը սկսում է պատերազմը, ստանում է վիթխարի առավելություն: Մանավանդ տարածքների փոքրության պարագայում, առաջին հարվածը կարող է որոշիչ լինել: Եվ որոշիչ հարվածը չի կարելի զիջել հակառակորդին:
Երրորդ պատճառը Հայաստանի եվրամերձեցումն է. եթե Ռուսաստանը որոշի, որ դա խանգարելու է իր ռազմավարական ծրագրերին, Ադրբեջանին ցուցաբերած «բիզնես» ռազմա-մատակարարումը կարող է վերածվել բացահայտ ռազմա-քաղաքական աջակցության:
Չորրորդը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդագրական վիճակների տարեցտարի մեծացող տարբերությունն է:
Հինգերորդը Հայաստանում հաղթանակած երկրի հոգեբանական առավելության փոխարինումն է «գաղջ մթնոլորտով», որն արմատախիլ անելու կամք ու կարողություն իշխանությունը չունի:
Լավ, եթե իսկապես Հայաստանն է, որ պետք է պատերազմ սկսի, ծագում է մի հարց. արդյո՞ք կարող է դա անել մի իշխանություն, որը չի վայելում ժողովրդի սերը: Կարո՞ղ է անել մի իշխանություն, որի ղեկավարը խոստացավ, որ առաջինը կթռչի Ստեփանակերտից Երևան, բայց երբ հնարավորությունն առաջացավ, չթռավ ու բացատրություն էլ չտվեց: Մի իշխանություն, որը դարձել է «Ռուսաստանի փաստաբանը» էն աստիճան, որ Ադրբեջանի ռազմական մատակարար Ռուսաստանին արդարացնում, նույնիսկ գովաբանում է Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի բերանով. «Այս պահի դրությամբ երևի ամենակարևոր խնդիրը, որին ուզում է հասնել Ռուսաստանի Դաշնությունը, այն է, որ պատերազմ չլինի, որովհետև պատերազմի վերսկսումը իրոք հղի է անկանխատեսելի հետեանքներով' տարբեր պետությունների ներգրավմամբ»: Իշխանությունը չի կարող ու չի ուզում, որովհետև… կկորցնի ամեն ինչ, եթե բանը պատերազմին հասնի. նրա կատարյալ ապաշնորհությունը ծայրահեղ իրավիճակում անմիջապես անհանդուրժելի կդառնա, և շատ արագ, ռազմական ժամանակի օրենքներով կարող է իշխանափոխություն կատարվել։
Չնայած դրան, ընտրությունների ժամանակ իշխանությունը մեծ հաջողությամբ Հայաստանի ժողովրդին վախեցնում է պատերազմով: Բացի իշխանությունից պատերազմի մասին խոսում են մեկ էլ նրա թիկունքը պահող «հայրենասերները», որ քաղքենիներից ամենաճարպիկն են։ Նրանք, Հայրենիքի անունը շահարկելով, հարձակվում են բոլորի վրա, ում գոյությունը վտանգ է ստեղծված ճահճի համար՝ լինի ընդդիմադիր, ակտիվիստ, իրավապաշտպան թե լրագրող: Քանի դեռ համոզված են, որ երկրին ոչ մի իրական վտանգ չի սպառնում։ Հենց որ վիճակը վատանա, նրանք ու իշխանավորների մեծ մասը կփախչեն երկրից։
Եվ ես հավատում եմ իշխանության ու «հայրենասերների» բնազդին. քանի խոսում են պատերազմից, նրա վտանգը մեծ չէ: Մանավանդ որ Ադրբեջանի իշխանությունների ու «հայրենասերների» բնազդներն էլ նույն շահերին են սպասարկում:
Ուրեմն, վերը նշածս հինգ պատճառները չեն նշանակում, որ Հայաստանը վաղը պատերազմ կսկսի: Եվ ընդհանրապես զինվորի կյանքը, խաղաղ բնակչի կյանքը թանկ է պատերազմական խաղերից: Բայց թվարկած հինգ պատճառը ցույց են տալիս, որ չպետք է երկրում լինի իշխանություն, որն իր «գրպանի» պարունակության ապահովության տեսանկյունից կնայի խաղաղությանն ու պատերազմին: Այլ իշխանություն, որն առաջինը հարված կհասցնի, եթե պարզ լինի, որ պատերազմն անխուսափելի է:  

Վահրամ Մարտիրոսյան