Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիների, քաղաքական գործիչների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք-զինամթերքի վաճառքի մասին տեղեկություններն ու մեկնաբանություններն են: 1996-2011 թթ-ի ՀՀ արտգործնախարարության նախկին աշխատակից, ՀՀ քաղաքացի Մուշեղ Մկրտչյանի գնահատմամբ՝ Հայաստանը այս ամենին պետք է համարժեք քայլ կատարի, այն է՝ պետք է վերանայի ռուսական ռազմակայանի պայմանագիրը, որը երկարաձգեց 49 տարով: Ներկայացնում ենք Մուշեղ Մկրտչյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ի հետ ամբողջությամբ:
-Պարո՛ն Մկրտչյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Հայաստանի ստրատեգիական դաշնակից պետություն համարվող Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է վաճառում և սպառազինում է Հայաստանին թշնամի երկիր համարվող Ադրբեջանին:
-Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային կարելի է համարել զուտ պայմանականորեն։ Ռուսաստանը, հանդիսանալով Խորհրդային կայսրության իրավահաջորդը, նախկին Սովետական հանրապետությունների հանդեպ վարել է իր շահերից բխող քաղաքականություն, և դա հասկանալի ու ընկալելի է։ Լինելով գերտերություն՝ ՌԴ-ն բոլոր հնարավոր լծակներն է օգտագործել ԽՍՀՄ նախկին սուբյեկտներին իր ազդեցության ոլորտում և իրենից ռազմական և տնտեսական կախման մեջ պահելու համար։ Բալթյան հանրապետություններին միասնականության և քաղաքական կամքի շնորհիվ, ինչպես նաև ԽՍՀՄ-ին նրանց բռնակցումը չճանաչող Արևմուտքի աջակցությամբ, համեմատաբար ոչ ծանր կորուստներով հաջողվեց դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, և այսօր նրանք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ են։
Այլ էին զարգացումները Հարավային Կովկասում։ Հայաստանը ներքաշվեց ջլատիչ պատերազմում և անկախության հռչակման առաջին իսկ տարիներին հանուն երկրի ռազմական անվտանգության ստիպված էր գնալ աննախադեպ զիջումների իր անկախության ատրիբուտների հաշվին։ Հայաստանը դարձավ ՌԴ-ի կողմից ղեկավարվող այն ժամանակվա ՀԱՊԿ կազմակերպության անդամ, համաձայնեց ռուսական ռազմական բազայի տեղակայմանը Գյումրիում և ԱՊՀ արտաքին սահմանների վերահսկողությունը հանձնեց Ռուսաստանին։
Անկախ պետականության կառուցման տրամաբանությունը ենթադրում էր երկրի բնականոն տնտեսական և ռազմական զարգացմանը համընթաց վերականգնել երկրի սուվերենությունը իր պետական սահմանների նկատմամբ, վերանայել օտարերկրյա ռազմակայանի տեղակայման պայմանները և վարել իր ազգային շահերից բխող արտաքին և անվտանգության քաղաքականություն։ Սակայն կատարվեց հակառակը։ Երկրում արմատավորվեց կոռուպցիան, և խմբակային, կլանային շահերը իրենց ենթարկեցին պետական և հանրային շահերին։ Կեղծվեցին ընտրությունները, իշխող կլանները իրենց իշխանության պահպանման համար ենթարկվեցին ռուսական կայսերապաշտական ճնշումներին, և վերջիններիս հանձնեցին երկրի տնտեսական ռազմավարական հզորությունները։ Անկախ պետականության քայքայման գործընթացը իր որոշիչ
հանգրվանին հասավ 2008 թվականի Մարտի մեկին, երբ կեղծված ընտրություններից հետո «նորընտիր» նախագահը իր իշխանությունը պահպանեց ռազմական հեղաշրջման միջոցով։ Այդ պահից հայաստանյան իշխանությունները հայտնվեցին խամաճիկային վիճակում։ Գերտերություններին այլ բան չէր մնում անելու, քան օգտվել արտաքին ուժերից լեգիտիմություն ստանալ ձգտող իշխանության ծառայություններից։ Եվ քանի որ տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ամենահզոր լծակներին տիրապետում է Ռուսաստանը, Հայաստանի կախվածությունը մեծացավ, իսկ հայ-ռուսական հարաբերությունները վերածվեցին սուվերենի և վասալի հարաբերությունների։
Նման պատմական նախադրյալների առկայության առումով կատարվածը՝ հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնությամբ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, օրինաչափ է։ Դա տեղի չունեցավ մեկ օրում։ Հիշենք, որ մինչ այդ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց վերջին տնտեսական հզորությունները, ռազմակայանի պայմանագիրը երկարաձգեց 49 տարով, Ռուսաստանին հանձնեց իր ռազմական անվտանգության ապահովումը։ Հիշենք, թե ինչպես էր ռուսական ստորաբաժանումը շքերթով անցնում հանրապետության գլխավոր հրապարակում հենց իրենց անկախության տարեդարձին։ Ինչո՞ւ պետք է դրանից հետո Ռուսաստանը հաշվի նստի Հայաստանի շահերի կամ երկրի հասարակական կարծիքի հետ։ Իրական քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանը վարվեց այնպես, ինչպես հարմար էր իրեն իր շահերի առումով։
Բարոյական տեսանկյունից, եթե Ռուսաստանին ընդունենք որպես դաշնակից, դա դավաճանություն էր։
-Սոցիալական ցանցերում լայն քննարկման արժանացավ հատկապես «Սմերչ» տեսակի զենքի վաճառքի մասին դատողությունները: Ի՞նչ զինատեսակ է և որքանո՞վ է հակամարտող երկրների հավասարակշռությունը խախտվում:
-Այդ զենքի բնորոշումները կարող են տալ ռազմական փորձագետները։ Հարցը ինձ համար նրանում չէ, թե արդյոք խախտվում է, թե չի խախտվում ռազմական հավասարակշռությունը։ Հարցը նրանում է, որ դաշնակիցը զինում է դաշնակցի հանդեպ թշնամաբար տրամադրված պետության։ Դաշնակից հասկացողությունը ենթադրում է, որ դաշնակից պետությունը պետք է ձգտի, որ իր դաշնակիցը ավելի հզոր լինի, քան ոչ դաշնակիցը։ Իսկ երբ դաշնակիցը ձգտում է հավասարակշռություն պահպանել իր դաշնակցի և նրա թշնամու միջև, էլ ինչո՞ւ է նա դաշնակից համարվում։ Հարցը նրանում է, որ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ համարվող մարդիկ կան Հայաստանում, ովքեր ստանձնել են ռուսական իշխանությունների փաստաբանների դերը և փորձում են ապացուցել, որ այդ գործարքն արդարացված է և վտանգավոր չէ Հայաստանի համար։ Ինչո՞ւ են նրանք իրենց վրա վերցնում այդ պարտականությունը։ Ի՞նչ են ուզում որսալ նրանք պղտոր ջրում։ Արդյո՞ք ռուսական իշխանություններին հաճոյանալով հայտ են ներկայացնում ֆորպոստի վերածված երկրի վերակացուների պաշտոնները ստանձնելու համար։ Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է հասկանալ առողջ տրամաբանությանը հակասող և մարդկանց հիմարի տեղ դնելու միտում ունեցող նրանց վերլուծությունները։
-Հայաստանի և ԼՂՀ պատասխան քայլերը որո՞նք պետք է լինեն Ձեր կարծիքով. խոսքը վերաբերում է թե՛ քաղաքական տեսանկյունից ձեռնարկելիք քայլերին և թե՛ խախտված հավասարակշռության վերականգնման տեսանկյունից:
-Հայաստանը իր ներկա խամաճիկ ղեկավարներով որևէ պատասխան քայլի ընդունակ չէ։ Պատասխան քայլի հերթը Հայաստանի հասարակությանն է։ Միակ քայլը օր առաջ Հայաստանի խամաճիկ իշխանություններից ձերբազատումն է։ Այդ դեպքում դեռ որոշ հնարավորություններ կլինեն խնդրի դիվանագիտական լուծման համար։ Կան պատասխան քայլեր, որոնք ավելի քան հրատապ են։ Դրանցից են՝ ռազմական անվտանգության ապահովումը Ռուսաստանին հանձնելու և ռազմակայանի ժամկետի երկարաձգման պայմանագրի վերանայումը։ Դա կարող է լինել Հայաստանի նոր խորհրդարանի քննարկման առաջին հարցը։ Ռուսաստանն իր քայլով այլ ելք չի տվել Հայաստանին, եթե Հայաստանը անկախ պետություն լինելու հավակնություն ունի։ Միայն այդ դեպքում Ռուսաստանը հաշվի կնստի Հայաստանի հետ և հնարավոր կլինի պարտադրել «դաշնակցին» անցնել նոր որակի հարաբերությունների և կատարելու իր դաշնակցային պարտավորությունները։ Մեր «դաշնակիցները» պետք է գիտակցեն, որ Հայաստանին շանտաժի միջոցով ծնկի բերել հնարավոր չէ, որ հայի համար ազատությունն ու անկախությունը արժեքներ են, որոնց համար հայ ժողովուրդը զրկանքներ է կրել, իրենից ավելի հզորներին դիմադրել, մթին ու ցրտին թշնամիների ջախջախել ու միշտ պատրաստ է համախմբվել ու գահընկեց անել երերացող խամաճիկներին։ Պատմությունը հարգում է այդպիսի ժողովուրդների։ Իսկ հայ ժողովուրդը հարգանքի արժանի է։
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի