Երբ բժիշկները Նյու Յորքի բնակչուհուն մահացած են համարել և ցանկացել դիահերձել նրան, նա անսպասելի բացել է աչքերը։ Հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր սխալ ախտորոշում են տվել, մեղադրվում են հանցավոր անփութության համար. գրում է vesti.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել 2011 թ.-ին։ Քոլին Բերնսը հիվանդանոց է տեղափոխվել արգելված նյութերի գերդոզավորումով: Հետո, բժիշկների տվյալներով, կինը մահացել է սրտի նոպայից, ինչից հետո Բերնսի հարազատները համաձայնվել են նվիրաբերել նրա օրգանները փոխպատվաստումների համար։

Սակայն, երբ նա վիրահատական սեղանին է գտնվել, անսպասելիորեն բացել է աչքերը։

Մոր խոսքով՝ բժիշկներն այդպես էլ պաշտոնական բացատրություն չեն տվել, թե որ պահին է տեղի ունեցել սխալը։ «Բժիշկները զարմացած էին այնքան, որքան մենք»,-ասել է կնոջ մայրը։

Բերնսի ընտանիքը որոշել է դատի չտալ բժիշկներին, սակայն երկրի իշխանությունները 6.000 դոլարով տուգանել են հիվանդանոցին և հետաքննություն սկսել աշխատակիցների նկատմամբ։

Բերնսի գործը մինչ այսօր չի բացահայտվել։ Օրենքի պահապանները չեն բացառում, որ նրան ցանկացել են սպանել՝ օրգանների համար։

Սակայն, ցավոք, «Հարություն առած» ամերիկուհին վիրահատությունից երկու տարի անց ինքնասպան է եղել։ Մոր խոսքով՝ դուստրը խոր դեպրեսիայի մեջ է եղել և ապրելու իմաստ չի ունեցել։