Lragir.am. Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման եւ Հարավային Կովկասի գլոբալ բացման գործընթացի առանցքային բաղկացուցիչներից է Ղարաբաղի հանդեպ վերաբերմունքը:
Ըստ ամենայնի, Արեւմուտքն առաջարկել է Հայաստանին ու Ադրբեջանին ժամանակավորապես «մոռանալ» ղարաբաղյան հակամարտության մասին, բացել սահմաններն ու հաղորդուղիները եւ հետո, ելնելով նոր իրողություններից, անցնել խնդրի քաղաքական կարգավորման: Սակայն Ադրբեջանը, թերեւս, պատրաստ չէ նման որոշման եւ հենց դրանով է պայմանավորված այն, որ Բաքուն դադարել է Արեւելյան գործընկերության ակտիվ մասնակից լինելուց:
Հայաստանին կարծես թե ձեռնտու է Եվրոպայի առաջարկած տարբերակը, չնայած ոչ ոք չգիտի, թե ինչ է այն: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, օրինակ, առաջարկել է հրապարակել ԵՄ հետ ասոցիացիայի տեքստը, սակայն Հայաստանի իշխանությունները գերադասում են դա չանել: Մնում է միայն ենթադրել, թե ինչու: Չի բացառվում, որ տեքստում որոշ պարտավորություններ կան Ղարաբաղի հարցով, որոնք Հայաստանի իշխանությունները չէին ցանկանա նախօրոք հրապարակել, առավել եւս, որ դեռ հայտնի չէ՝ նախաստորագրվելու է արդյոք համաձայնագիրը, թե ոչ:
Հայաստանի հանրությունը պետք է իմանա, թե ինչ պայմաններով է Եվրոպան ասոցիացիա առաջարկում: ԵՄ-ն կարող է առաջարկել կոնսերվացնել Ղարաբաղի սահմանը եւ ԼՂՀ ու Հայաստանի սահմանին եվրոպական մաքսակետ կառուցել: Հնարավոր է նաեւ Ղարաբաղի հետ միասին Հայաստանի աբսորբցիան եւ տարածաշրջանային հաղորդուղիների բացումը: Սակայն չի բացառվում նաեւ «վատ» տարբերակը՝ փոքր պատերազմ, «խաղաղարարների» մուտք եւ սահմանի հաստատում այն գծով, որի շուրջ կպայմանավորվեն Ռուսաստանն ու Արեւմուտքը:
«Վատ» տարբերակներից խուսափելու համար Երեւանը պետք է բացատրի, թե Ղարաբաղի համար ինչ է նշանակում եվրաինտեգրացիան: Դատելով այն բանից, որ Ֆյուլեն կոչ է անում հրապարակել տեքստը, Եվրոպան դրա համար «չի ամաչում»: Սակայն ինչի՞ց են քաշվում Հայաստանի իշխանությունները:
Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ցույց է տվել, որ մինչեւ տարեվերջ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի շարժվելու տեղից: Աշնանն Ադրբեջանում ընտրություններ են անցկացվելու, եւ դա առիթ է թայմ-աութի ձգման համար: Սակայն նոյեմբերին Հայաստանը պետք է նախաստորագրի ԵՄ հետ ասոցիացիայի համաձայնագիրը: Արդյոք դա նշանակում է, որ Եվրոպան առաջարկել է հանել Ղարաբաղը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգից: Թե՞ Սերժ Սարգսյանն է օգտագործում ղարաբաղյան թեմատիկան, որպեսզի հետաձգի համաձայնագրի նախաստորագրումը: 

 

Նաիրա Հայրումյան