Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ կատարված շրջայցերի արդյունքում պարտավորությունները չկատարած 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նորմերի պահպանման նկատմամբ խիստ հսկողությունը՝ հետամուտ լինելով օբյեկտներին հարակից տարածքների պատշաճ բարեկարգման ու կանաչապատման ապահովմանը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական և հանրային իրազեկման անհրաժեշտ տարբեր միջոցառումներ: Հաշվի առնելով օրենդրության և Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը՝ բացառելու ապօրինի գործողությունները:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են Արշակունյաց պողոտայի, «Հաղթանակ» զբոսայգու, «Փարոս» անտառպուրակի ոռոգման ցանցերի փորձարկման և Տերյան 62 հասցեում գտնվող պոմպակայանի վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի անտառային գոտիների վերականգնման աշխատանքների շրջանակում հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հանձնարարվել է նաև անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մայրաքաղաքում ծառերի տապալման հնարավոր դեպքերը կանխելու և դրանք բացառելու ուղղությամբ:

Կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբերը նոր աշխատակիցներով համալրելու գործընթացին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կանաչապատման ձեռնարկություններ աշխատանքի են ընդունվել քաղաքապետարանի ծրագրով անօթևանների ժամանակավոր կացարանում բնակվող 6 անձինք:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են բազմաբնակարան բնակելի շենքերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում տեղադրված հայտարարությունների տախտակները որոշ անբարեխիղճ քաղաքացիների կողմից վնասելու դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է սահմանել հսկողություն և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլուր» արգելոցի տարածքում: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է նաև, որ այս շաբաթ ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ կիրականացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում: