Lragir.am. Պուտինի բոլոր նախորդ այցերը Ադրբեջան ավարտվել են տապալումներով, եւ լավագույն դեպքում արդյունքը «սովորական» պայմանավորվածություններն են եղել, ինչպիսիք Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ երկրների հետ, տարբեր տարածաշրջաններում:
Ադրբեջանի իշխող էլիտան, թեեւ որոշ վնաս է զգում Արեւմտյան հանրության ասպարեզում, սակայն սերտ ինտեգրված է Արեւմուտքի հետ, եւ ոչ մի կերպ չի ներգրվում ռուսական քաղաքականության ձեւաչափի մեջ, որը կցանկանար ոչ միայն հասկանալի համագործակցություն, այլեւ «նվիրվածության» ոճի ձեւավորում:
Ադրբեջանը, չնայած նավթի պաշարների սպառմանը եւ գազի անհասկանալի պաշարներին, դարձել է համաշխարհային էներգետիկ քաղաքականության նկատելի գործոն, եւ նա կարիք չունի խմբագրել արտաքին քաղաքական կուրսը:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը միշտ ունեցել է բոլոր հիմքերը՝ Ռուսաստանից սպասելու արմատական քայլեր՝ Ղարաբաղն իր վերահսկողության տակ վերադարձնելու ուղղությամբ: Ավելին, Ռուսաստանը երբեք չի բացառել դա եւ վստահ է եղել, որ իրեն կհաջողվի վերականգնել Խորհրդային Միության ներքին սահմանների նախկին կարգավիճակը:
2008-ի աշնան եւ հետագա գործընթացները հայկական քաղաքական ղեկավարությանը հանգեցրին այն ընկալմանը, որ վաղ թե ուշ Ռուսաստանը Հայաստանի առաջ Ղարաբաղից հրաժարվելու պահանջ է դնելու: Դա լիովին համապատասխանում է Մոսկվայի պատկերացումներին, Հարավային ռազմավարական ուղղությամբ նրա դերի մասին:
Ադրբեջանը չի կարող հրաժարվել այդ հույսերից՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն իրեն վերադարձնելու քաղաքականության իրականացման մասով, եւ այդ երկրների ղեկավարների միջեւ ամեն մի հանդիպում այդ հեռանկարը պարզելու փորձ է:
Իհարկե, Ռուսաստանին ներկայում ավելի շատ մտահոգում է գազի տեղափոխման հարցը, եւ Ադրբեջանի հետ գործընկերությունն այդ ուղղությամբ, եւ տվյալ հարցերի լուծումը լիովին հնարավոր է ղարաբաղյան թեմայի քննարկման շրջանակից դուրս: Առավել եւս, որ Ադրբեջանն արդեն իսկ շատ բանով է պարտական Ռուսաստանին պաշտպանության ոլորտում:
Պուտինի մերձավոր զինակիցների այցերը Բաքու կասկած չեն թողնում, որ բանակցություններում գլխավոր խնդիրը լինելու է գեոտնտեսությունը, սակայն հենց այս փուլում կպարզվեն Ռուսաստանի մտադրությունները Հայաստանի վերաբերյալ: Ընդ որում, ամերիկացիներն ու եվրոպացիները լիովին վստահ են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարին, քանի որ ամեն ինչ այնքան «ծրագրված» է, որ որոշակի առումով Կասպիցում սպասվում է միայն անհողմ եղանակ, էական փոփոխություններ չեն սպասվում:
Այս տարածաշրջանում գործընթացների ու իրադարձությունների առումով ավելի էական նշանակություն ունեն ռուս-իրանական հարաբերությունները: Իրանում նոր նախագահի ընտրության եւ նրա պրագմատիկների թիմի իշխանության գալու հետ Մոսկվան հույսեր է կապում՝ հաղթահարելու հարաբերությունների ակնհայտ վատթարացումը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ, ներառյալ Գոր-Չեռնոմիրդին պայմանավորվածության հետ կապված իրավիճակը, իրանցիներն այդքան հիասթափված չեն եղել Ռուսաստանի դիրքորոշումից: Մոսկվան հրաժարվեց հակաօդային պաշտպանության զենք մատակարարել Իրանին, եւ Թեհրանը ստիպված էր հսկայական ծախսեր կատարել փոխհատուցման վրա, նման զենք արտադրելու հարցում:
Հասան Ռուհանին, ով նախկինում բավական մանրամասն զբաղվել է իրանական ուղղությամբ ռուսական քաղաքականության հարցերով, լավ է հասկանում Իրանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունն ու նպատակները: Ռուսաստանը միշտ փորձել է Իրանի հետ հարաբերություն կառուցել ոչ որպես հավասար գործընկերոջ, ինչն, անշուշտ, խորհրդային ժամանակների ռեցիդիվ է:
Առայժմ քիչ տեղեկություններ կան, թե ինչպես է Իրանը ծավալելու իր քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, սակայն կարելի է վստահաբար պնդել, որ Իրանը փորձելու է Ռուսաստանի հետ նախեւառաջ քննարկել ոչ թե սեփական միջուկային ծրագիրը կամ այլ գլոբալ հարցեր, այլ տարածաշրջանային խնդիրները:
Դրանով Իրանը ցույց կտա, թե ում է համարում առաջնահերթ գործընկեր ուժի համաշխարհային կենտրոններից, այսինքն՝ Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Եվրոպական միությանը, բայց ոչ ամենեւին Ռուսաստանին:
Իրանը մտադիր է իր միջազգային բնույթի խնդիրները լուծել Արեւմտյան հանրության եւ Չինաստանի հետ: Միեւնույն ժամանակ, եթե Ռուսաստանն ընդունի Իրանի հետ առաջնահերթ հարաբերության ձեւաչափը, ունենալով ռազմատեխնիկական համագործակցության առաջարկներ, դա կլիներ բավական հետաքրքիր եւ նախաձեռնողական քայլ տարածաշրջանային քաղաքականությունում, այդ թվում Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի հանդեպ:
Ներկայում Հասան Ռուհանիին պետք է մեկնարկ իր արտաքին քաղաքական գործունեության համար, սակայն հարցն այն է, թե որքանով իրանցիները մոտակա խնդիրները կգերադասեն առավել երկարաժամկետ նպատակներին: Իրանցիները, ի տարբերություն հարեւան ժողովուրդների, լավ հիշողություն ունեն եւ բավական լավ հետախուզական ծառայություններ:
Ամեն դեպքում, եթե նախկինում Իրանը պատրաստ էր Ռուսաստանին շատ ծառայություններ առաջարկել, այդ թվում Հյուսիսային Կովկասում, ապա ներկայում այդ թեմայով նույնիսկ դիտարկումներ չկան: Օրինակ, Իրանը ոչ մի կերպ չի աջակցելու Ռուսաստանին՝ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ուժեղացմանը հակադարձելու ուղղությամբ:
Այս կապակցությամբ, Հայաստանի համար լավ իրավիճակ է ստեղծվում, քանի որ Իրանի ու Ռուսաստանի շեշտադրումները տարածաշրջանի խնդիրներին պայմանավորում են ուժերի բարենպաստ դասավորություն եւ շահագրգռություն աշխարհքաղաքական որոշ կոնֆիգուրացիաներում:
Այսպիսով, տարածաշրջանում չեն սպասվում քաղաքական մեծ փոփոխություններ, այլ՝ աշխարհքաղաքական: Սակայն հարցն այն է, թե ովքեր են խաղացողներ եւ ովքեր՝ դիտորդներ: Կասպիցում առայժմ անհողմ եղանակ է, սակայն կկարողանա՞ Հայաստանն օգտվել դրանից: 


Իգոր Մուրադյան