ԳԱԼԱ. «Սկսեմ մի խնդրից, որին բախվեցինք ամառվա ընթացքում, որովհետև քաղաքապետի վերջին աղմկահարույց, ոչ իրավաչափ որոշումներից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ իսկ ու՞ր է ավագանին: Իհարկե, «Բարև Երևանը» փորձեց իր լիազորությունների շրջանակում խնդիրը մտցնել քաղաքապետարան, դիմելու ենք նաև դատարան, ինչպե՞ս է հնարավոր, որ քաղաքապետը ինքնագլուխ որոշումներ կայացնի ու ավագանին իր նիստում չանդրադառնա նրանց»:

Այսօրվա ասուլիսի ժամանակ, խոսելով Երևանի ավագանու աշխատանքների մասին, նշեց «Բարև Երևան» ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը:

«Ավագանին իհարկե կարող է վերահսկել քաղաքապետի աշխատանքները, սակայն նախորդ ավագանին նման փորձ է արել. կենսական նշանակություն ունեցող հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում քաղաքապետն է կնքում պայմանագրերը՝ առանց ավագանու իրազեկման:

Որքան էլ ավագանին հնարավորություն ունի վերահսկելու քաղաքապետի աշխատանքները, արդյունքը սա է, որ քաղաքապետը չի կարող առնչվել այս խնդրին, կայացնում է անհատական իրավական ակտ, այս ավագանին տարակուսած է, ինչպե՞ս կարող է ավագանիների բարձրագույն մարմինը չխառնվել մի որոշման, որը հասարակական նման հնչեղություն ունի: Մեր առաջին անելիքներից մեկը պետք է լինի այն, որ օրակարգում փոփոխություններ լինեն, որ նման պայմանագրերը դառնան ավագանու քննարկման առարկա: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մեր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները 2008 թվականից վնասով են աշխատում, ինչպե՞ս կարող է վնասով աշխատող գործարարը ևս մի անգամ դիմի մրցույթին ու պայմանագիր կազմի: Նման հարցերը բացառելու համար «Բարև Երևանը» փորձելու է կանոնակարգում փոփոխություններ մտցնել»,- նշեց Սաֆարյանը:

Ավագանու անդամը խոսեց նաև սեպտեմբերյան աշխատանքների մասին.

«Սեպտեմբերյան նիստում քննարկման առարկա ենք դարձնելու Վերահսկիչ պալատի բացահայտումները քաղաքապետարանի մասով, մեր «փառապանծ» ավագանին ևս մեկ բան է թույլ տալիս. հողերի աճուրդների կազմակերպման ժամանակ դերակատարում ուներ ավագանին, սակայն դա էլ են քաղաքապետի լիազորություններին թողել: Անցած տարիների քաղաքապետը ում ինչ ցանկացել, նվիրել, վաճառել և նման գործարքներ է արել»:

«Տրանսպորտի սակագնի հետ կապված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ստեղծել ինչ-որ հանձնաժողով, որը դեռևս պարզ չէ՝ ինչով է զբաղվելու, ովքեր են սահմանելու խնդիրները ու ինչ խնդիրներ է առաջադրելու հանձնաժողովը: Առաջիկա շաբաթվա ընթացքում է կազմվելու այդ հանձնաժողովը, արդյոք այն ստեղծված է կասեցված որոշումներին նոր ուժ հաղորդելու համար: Հանձնաժողովը նպատակահարմար է ստեղծել ոչ թե քաղաքապետարանում, այլ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ոլորտը: Հանձնաժողովի լիազորությունները պետք է չափազանց հստակ լինեն»:

Այն հարցին, թե փորձում են քաղաքացիական շարժումը հեղինակազրկել՝ ասելով, որ դա իշխանությունների հետ կապ ունի, Սաֆարյանը չհամաձայնեց այդ մտքի հետ.

«Այն, ինչ սկսվեց, չափազանց ինքնաբուխ էր, որովհետև մարդկանցից մեկը, ով հաջորդ օրը դուրս եկավ փողոց ու կոչ արեց դուրս գալ, նաև ես եմ եղել, այդ շարժման մեջ կային ամենատարբեր մարդիկ, որովհետև խնդիրը վերաբերում էր բոլորին: Շարժումը շատ հստակ ձևակերպված խնդիր ուներ, ով էլ ուզենար ուղղորդել, չէր հաջողվի, ինձ համար հասկանալի է, թե ինչու են նման խոսակցություններ առաջանում, հասկանում եմ, որ չի կարելի Հանրապետականի կրծքանշանով անգամ հավաքարարի հրաժարականը պահանջել»:

Այն հարցին, թե ինչ կասի Ռոբերտ Սարգսյանի հարցազրույցի մասին, ով նշել էր, թե Տարոն անունով պատմական գավառ էլ է եղել, Ռոբերտո անունով էլ խանութ, Սաֆարյանը պատասխանեց.

«Սա ինձ նմանեցրեց օֆշորային պատմությանը, որ վարչապետն ասում էր՝ ինձ շառով տալու համար իմ անունով բացել են: Լավ, ենթադրենք Տարոն անունով պատմական գավառ է եղել, Ռոբերտո՝ խանութ, այդ դեպքում ի՞նչ գործ ունեին դեկտեմբերի երկուսին Ավանի ընտրությունների ժամանակ այդ երթուղիները, որոնք բավականին մեծ ընտրազանգված էին տեղափոխում, երթուղիներ, որոնք պատկանում են «անհայտ» Տարոնին ու Ռոբերտոյին, սա նշանակում է անպատասխանատու վարքագիծ»:

Սեդա Ղուկասյան