Վրացական փորձաքննությունների ազգային բյուրոն պատասխանել է վրաց ֆեմենուհիների մեղադրանքներին, ովքեր պնդում են, թե գերատեսչությունը կանանց համար ստորացուցիչ' կուսությունը հաստատող տեղեկանք է տրամադրում նրանց ստուգման բերած տղամարդկանց. գրում է Newsgeorgia-ն:
Բյուրոյում հայտարարել են, թե ոչ մի նման տեղեկանք նրանք չեն տալիս: Ինչպես նրանք պարզաբանել են, նման փորձաքննություններ իրենք անցկացնում են միայն դատարանի վճռով և քննչական մարմինների շահերից ելնելով՝ մասնավորապես' օգնելու նրանց բացահայտել բռնաբարության դեպքերը:
Բյուրոյի ներկայացուցիչները նաև նշել են, որ կուսությունը վերականգնելու նպատակով իրենց դիմում են չափահաս վրացուհիներ, սակայն թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում նրանք' դիմելով վիրահատական նման միջամտության, բյուրոյի լիազորությունների մեջ չի մտնում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում վրաց ֆեմենուհիները բողոքի ակցիա էին կազմակերպել փորձաքննությունների ազգային բյուրոյի դեմ՝ մեղադրելով նրան կանանց կուսությունը հաստատող տեղեկանքներ տրամադրելու և կուսության վերականգնման վիրահատություններ կատարելու համար: