Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօրվա մամլո ասուլիսում խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, ասաց, որ Իրանի ներկայացուցիչը լավ իմանալով, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Իրանի նորանշանակ նախագահի երդմնակալությանը, հայտարարեց, որ Արցախյան հարցի կարգավորման համար կա երկրորդ տարբերակը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում էր, թե միայն մադրիդյան սկզբունքներով պետք է լուծել Արցախյան հարցը, բայց հիմա պարզվում է' կա խնդրի լուծման երկրորդ տարբերակը: Իրանի ներկայացուցչի հայտարարությունը ցույց տվեց, որ Արցախյան հարցը քննարկվել է բարձր ատյաններում:
Բանախոսը հիշեցրեց նաև Իրանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, որով պարզ դարձավ, որ Ադրբեջանը և Իրանը նոր ծրագիր են մշակում Ասլանդուզ- Հորադիզ սահմանային անցակետի բացման համար: «Ես վստահ եմ' Իրանի նոր նախագահն ավելի կոշտ քաղաքականություն է վարելու, քան Ահմադինեժադը: Եթե Սերժ Սարգսյանը Իրանի որոշակի հարցերին չպատասխանի, ապա անհասկանալի իրավիճակ կառաջանա»,- կարծում է Շաքարյանցը: Այս մասին գրում է mardik.am-ը:

Բանն այն է, որ ոչ միայն ՌԴ-ին, այլև Իրանին անհանգստացնում է Հայաստանի' ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ դա դիտարկում է սպառնալիք իր երկրի և ազգային շահի համար. «Չի բացառվում, որ ԵՄ-ը Հայաստանից ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո պահանջի իրականացնել հակաիրանական քայլեր, որն անհանգստացնում է Իրանին: Հայաստանը միշտ մոռանում է, որ բացի ՌԴ-ից և Արևմուտքից, կա նաև Իրան, որի հետ պետք է հաշվի նստել»:

Ըստ Շաքարյանցի' չի բացառվում, որ Իրանն իր այս ճնշումներով փորձում է ստիպել Հայաստանին հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականություն վարելու իր սկզբունքից: «Մենք անընդհատ լսում ենք' Հայաստանը չի կարող նստել, այսպես ասած,երկու աթոռի' ՌԴ-ի և Արևմուտքի վրա, բայց մենք արդեն քանի տարի է' նստած ենք երեք աթոռի'ՌԴ, Արևմուտքի ու Իրանի վրա, որը Հայաստանին պարզ հասկացրեց' իրեն չնույնացնել Ռուսաստանի հետ, քանի որ ինքը վարում է ինքնուրույն քաղաքականություն և առաջնորդվում է իր ազգային շահով»,- մանրամասնեց քաղաքագետը'հավելելով, որ Իրանի վերջնագիրն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան Ռուսաստանինը:
Մանրամասներն՝ այստեղ