Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին և քննարկել օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին առնչվող հարցերը:

Հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:

Լուրեր.com-ը զրուցեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աշխատակցի հետ, ով նշեց, որ զինծառայողի առողջական վիճակի մասին տեղեկություններ չունեն:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չի հանդիպել զինծառայողի հետ, դեռ ոչ մի տեղեկություն չունենք»,- ասաց ԿԽ աշխատակիցը:

Հարցին, թե մի քանի օրերի ընթացքում ինչո՞ւ որևէ տեղեկություն չի հաղորդվում կամ բանակցություններ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ասացին. «Հանդիպման կազմակերպումը դա մի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում, երբ որևէ տեղեկություն լինի մենք կհաղորդենք»: