Lragir.am. Սերժ Սարգսյանն արձակուրդից հանրությանը հայտնվելու հետաքրքիր տարբերակ ընտրեց՝ ընդունեց շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին: Ըստ ամենայնի, Սարգսյանն ուզում էր ցույց տալ, որ այս օրերին ոչ թե անհետացել էր, ինչպես ակնկալում էր հասարակության մի զգալի մասը, այլ շախմատ էր խաղում: Խաղում բառի լայն իմաստով իհարկե: Այսինքն, Սերժ Սարգսյանն ակնարկում էր, որ «անհետացումը» իր շախմատային խաղի մի քայլերից մեկն էր: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը մտածում էր:
«Իշխանը մտածում է», կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը:
Բայց Սերժ Սարգսյանն իսկապես հետաքրքիր ձեւով «անհետացավ»: Նախ, նա իր հետ տեւական ժամանակով տարավ նաեւ Հովիկ Աբրահամյանին: Ընդ որում, Հովիկ Աբրահամյանը հասարակությանը դեռ չի հայտնվել: Հետաքրքիր կլինի տեսնել, թե նա ինչպես է պլանավորել իր հետարձակուրդային հայտնությունը:
Արձակուրդի ամբողջ ընթացքին զուգահեռ շարունակվեց Երեւանի քաղաքապետարանի ու քաղաքացիների հակադրությունը՝ քաղաքապետարանի մեկը մյուսից հակասոցիալական եւ մեղմ ասած թույլ իրավականությամբ որոշումների պատճառով: Տարոն Մարգարյանն առանց Սերժ Սարգսյանի սխալը սխալի հետեւից էր գործում, ու կարծես թե Սերժ Սարգսյանը դիտավորյալ էր իր հետ տարել նաեւ ներիշխանական գլխավոր «գուրուներից» մեկին՝ Հովիկ Աբրահամյանին, որ Տարոնին որեւէ խելոք խորհուրդ տվող չմնա, այլ մնա միայն նախատող՝ ուղղակի եւ անուղղակի, Տիգրան Սարգսյանը:
Սա իշխանության մեջ առանցքային պահ է, որովհետեւ Տարոն Մարգարյանը հանդիսանում է իշխանական ներկայիս համակարգի սերնդափոխության կամուրջներից մեկը, որը ձգվում էր համակարգի այսպես ասած «ավանդական» ափից դեպի ապագա: Այդ կամուրջն արդեն փաստացի կիսով չափ պայթեցվել է, խզելով այդ «ավանդական» թեւի կապն ապագայի ափի հետ: Երեւանի քաղաքապետարանի շուրջ ծավալվող իրադարձությունները նշանակալի էին նաեւ այդ իմաստով:
Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանի արձակուրդի մեկնելուց երկու օր անց հայտարարվեց Հայաստան-Եվրամիություն Ասոցացման ու Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցության ավարտի մասին: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանին միայն այդ գնով էին թույլ տալու արձակուրդի մի մասն անցկացնել արտասահմանում:
Հատկանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյանը տեւական արձակուրդային լռությունը շախմատով ընդհատեց հենց այն օրը, երբ ՌԴ նախագահ Պուտինը նավատորմով այցելեց Բաքու, որտեղ նրան մեղմ ասած այդքան էլ պատշաճ ընդունելություն չկազմակերպեցին, թեեւ կարծես թե ձեռք բերվեցին մի քանի կարեւոր տնտեսական համաձայնություններ:
Սերժ Սարգսյանը կասի, որ ինքը դա էլ էր հաշվել, արձակուրդից վերադառնալ հենց այն պահին, երբ Պուտինը Բաքվում մտքում հավանաբար կասի, թե իսկ Հայաստանում արտգործնախարարին նշելիս հաստատ չէին հայհոյի:
Սերժ Սարգսյանի արձակուրդը կարծես թե բավական հաշվենկատ ստացվեց: Միայն թե նրա այդ հաշիվներից անգամ չնչին տոկոսներ չհասան հանրությանը: Մինչդեռ, պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձանց հաշվարկների առաջին շահառուն պետք է լինի քաղաքացին, եթե անգամ ամենախորքում այդ հաշվարկները միեւնույն է անձնական կամ կուսակցական են: Եթե դրանք առաջին հերթին չեն արտացոլվում քաղաքացու համար տեսանելի արդյունքով, ապա հաշվարկից վերածվում են ինքնախաբեության:
Սերժ Սարգսյանի արձակուրդից քաղաքացու համար տեսանելի էր միայն այն, որ անտեսանելի է Սերժ Սարգսյանը: Ու երբ քաղաքացին արդեն պետք է սկսեր հավատալ իր չտեսածին, Սերժ Սարգսյանն ընդունեց շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահին:  

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ