Lragir.am - Հայաստանի 13 հկ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարքի նամակը Գարեգին Բ կաթողիկոսին: Երուսաղեմի պատրիարքը պահանջել է կաթողիկոսի հրաժարականը, հայտարարելով, որ նա զբաղվում է ոչ թե հոգեւոր, այլ նյութական գործերով: Երիտասարդական կազմակերպությունները գտնում են, թե նման հարցերը չարժե հանել հրապարակային քննարկման:
Նման մոտեցումն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ եթե երկրում վերջապես սկսել է ներքին առողջացման գործընթաց, ուրեմն պետք է այդ մասին ոչ թե լռել, այլ խոսել բարձրաձայն: Ակտուալ խնդիրները թաքցնելու սովորությունը հանգեցնում է ընդամենը նեխման գործընթացի «կոնսերվացմանը», լավագույն դեպքում: Եւ խնդիրները չեն լուծվում հենց այն պատճառով, որ չեն դրվում լայն քննարկման:
Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն բարձրագույն հոգեւորականների, այլեւ ողջ ժողովրդի սեփականությունն է: Երիտասարդական կազմակերպությունները ճիշտ են, երբ ասում են, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ կառուցվածքի մեջ է: Քանի որ, եթե ինչ որ անհատներ չեն տեղավորվում կառույցում կամ նոր կոնֆիգուրացիաների մեջ, ապա պետք է պահպանել կառույցը, ոչ թե կառչել անհատներից:
Համաշխարհային եկեղեցական պրակտիկայում սկսել են ռեֆորմացիայի գլոբալ գործընթացներ: Հռոմի նորընտիր պապը մարդկանց կոչ է արել հրաժարվել նյութի պաշտամունքից եւ խորհել կեցության հոգեւոր, բարոյական հիմքերի մասին: Նա նաեւ անձնական օրինակներ է ցուցադրում, վարելով ասկետիկ կենսակերպ:
Մինչ այժմ հենց եկեղեցին է եղել ոսկե հորթի պաշտամունքի առանցքներից մեկը, խրախուսելով շքեղությունն ու հարստությունը: Սակայն նման պաշտամունքի վրա հիմնված համակարգն ակնհայտորեն տապալվում է, եւ Ֆրանցիսկ պապը համաշխարհային նոր կարգի առաջին ծիծեռնակներից մեկն է:
Ներկայում հարցն այն է, թե արդյոք Հայ Առաքելական եկեղեցին կմնա հին հասարակարգում, թե իր մեջ ուժ կգտնի առաջ գնալու եւ իր հետեւից տանելու ժողովրդին: Եկեղեցու դերը Հայաստանում միշտ եղել է նշանակալի, սակայն ոչ միշտ՝ միանշանակ: Սակայն ներկայում ակտուալ խնդիրները քողարկելը միայն վնաս կհասցնեն եկեղեցուն:
Կաթողիկոսի հրաժարականն աննախադեպ քայլ կլիներ Հայկական եկեղեցում: Այն կդառնար ապացույց այն բանի, որ հոգեւոր այրի համար գլխավորը բիզնեսը եւ շքեղ ապրելակերպի հնարավորությունը չեն: Բացի այդ, դա եկեղեցու կենսունակության, ապագային եւ ոչ թե անցյալին միտվածության լավ ապացույց կլիներ: