Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի մարզը, տեղի են ունենալու ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Առաջադրվել է պատգամավորի 5 թեկնածու: Միմյանց հետ կմրցեն Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանը, անկուսակցականներ Պավլիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Վահրամ Հովհաննիսյանն ու ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ով եղել է Կապանի նախկին քաղաքապետը: Իսկ ինչպես հայտնի է, Արմեն Կարապետյանի թեկնածությունը առաջադրել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը' Լիսկան, իսկ օրեր առաջ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հանրապետականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ուղղակի հաստատել էին այդ թեկնածությունը: Իսկ ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերը եւ իրեն այլընտրանք հռչակած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թեկնածուներ չառաջադրեցին: Ինչպիսի՞ ընտրություններ են կանխատեսում քաղաքագետները այս ընտրատարածքում: ԳԱԼԱ-ի լրագրողը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքագետների հետ:

Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է. «Մեզանում ընտրությունները միապաղաղ եղանակով են անցնում, եւ ավաղ անակնկալներ չեն լինում, եւ ըստ էության այդ ընտրությունները նմանվում են նշանակումների, դրանք ընտրություններ չեն, այլ իշխող ուժի կողմից պատգամավորի նշանակում: Ըստ քաղաքագետի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է որոշումներ կայացնել, փոփոխությունների սպասել պետք չէ: «Եթե հաշվի առնենք այն, որ Սյունիքում երկար տարիներ գործում է Սուրեն Խաչատրյանի բանդան, որը ահաբեկել է Սյունիքի բնակչությանը եւ մարդկանց ահ ու սարսափի մեջ է պահում, եթե հաշվի առնենք, որ այս բանդան ամենեւին էլ իր դիրքերը մտադիր չէ զիջել որեւէ մեկին, եթե հաշվի առնենք, որ այդ բանդայի գերիշխանությունը հաստատվեց նրանով, որ Լիսկան վերջերս հանդես եկավ ամպագոռգոռ հայտարարությամբ, թե Սերժ Սարգսյանը իր հետ է խորհրդակցել եւ որոշում կայացրել Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու Վահե Հակոբյանին, ու եթե հաշվի առնենք այն, որ դրանից հետո նման անձնավորությունը' Լիսկան, ով այդ բանդայի պարագլուխն է, անց է կացրել իշխող ուժի տեղական կառույցի ժողովը եւ առաջադրել է Արմեն Կարապետյանին, ապա այս ամենը իմ մի բերելով՝ կարելի է ասել, որ ամեն ինչ արվում է, որ Սյունիքը չկարողանա ազատագրվել Սուրեն Խաչատրյանի գերիշխանությունից»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերի պասիվությանը, ապա ըստ քաղաքագետի՝ մեզանում դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի: «Մեզանում ընդդիմություն, եթե ընդդիմություն ասելով նկատի ունենք կուսակցություններին, ապա դրանք գոյություն չունեն, մեզանում կա ընդդիմադիր ժողովուրդ, ընդդիմադիր հասարակություն, բայց քաղաքական ընդդիմություն չկա, գոյություն չունի: Այդ մարդիկ ի վիճակի չեղան միավորվելու, մշակելու տարրական գործողությունների պլատֆորմ, ի վիճակի չեն կլոր սեղանի շուրջ հավաքվել: Ես ժամանակին կարողացա նրանց հավաքել միասնական շտաբի շրջանակներում, կողք կողքի նստացրեցի, եւ կարծես ինչ-որ բան ստացվեց, բայց այդ փորձը ի վիճակի չեն կրկնելու, ինքնուրույն ի վիճակի չեն»,- մեզ հետ զրույցում ասել է Հմայակ Հովհաննիսյանը:

Իսկ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ ընտրությունների ելքը կանխորոշված է: «Ընտրությունների ելքը կանխորոշված է, որովհետեւ մի ընտրատարածքում, որը Սյունիքի մարզն է, նույնիսկ մարզպետի փոփոխությունից հետո իրավիճակ չի փոխվել եւ փոփոխվելու որեւէ միտում չի երեւում, ու եթե Հայաստանում իրավիճակը բարվոք չէ այս իմաստով, ապա Սյունիքը այդ իմաստով ամենաանբարվոք մարզն է»:

Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ ընդդիմության պասիվությունը եւ չմասնակցելը բավականին պերճախոս եւ միեւնույն ժամանակ նվաստացուցիչ է: «Բայց ես կարծում եմ, որ ժամանակն այնուամենայնիվ իրենն ասում է: Սա մեկ անգամ եւս խոսում է այն իրավիճակի մասին, որում հայտնվել է հայաստանյան քաղաքական դաշտը, իսկ ընդդիմության չմասնակցելը ուղղակի խոսում է նրանց աղաղակող անպատասխանատվության մասին: Իրենք ո՞ւմ են ընդդիմադիր»,- նշել է Ռուբեն Մեհրաբյանը:

Փայլակ Ֆահրադյան