Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքում ստեղծվել է խումբ, որի նպատակը գործող Ազգային ժողովի լուծարումն է: Խմբի հիմնադիրները տարածած հայտարարության մեջ ակտիվ քաղաքացիներին կոչ են արել միանալ քաղաքացիական նախաձեռնությանը, իսկ ներկա ԱԺ-ից պահանջում են օրենսդրական համապատասխան փոփոխություններով հրաժարվել համամասնական ընտրակարգից և հաստատել մեծամասնական ընտրակարգ, նշանակել ԱԺ արտահերթ ընտրություններ: Խմբի հայտարարության տեքստը տարածել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, ԵՊՀ դասախոս Բակուր Կարապետյանը, որը, ըստ երևույթին, նաև խմբի հիմնադիրներից է:

Mediamall.am-ի հետ զրույցում պարոն Կարապետյանը մեր այն հարցին, թե արդյոք ֆեյսբուքյան խումբը կվերածվի քաղաքացիական նախաձեռնության՝ նշեց. «Այո, կդառնանք քաղաքացիական նախաձեռնություն, և ոչ ավելին: Կուսակցություն չենք դառնալու: Բացառվում են անձնական նկրտումները: Պետք է հաշվի առնենք Ղարաբաղ կոմիտեի ու ՀՀՇ-ի կոպիտ սխալները: Սա նաև պետք է ժողովրդին բերի ազգային բարոյա-հոգևոր արմատներին»:

Պարոն Կարապետյանը նշեց, որ ոչ մի քաղաքական ուժ դեռևս չի արձագանքել իրենց նախաձեռնությանը: Իրենք էլ մտադիր չեն դիմելու որևէ կուսակցության՝ աջակցության խնդրանքով, սակայն դեմ չէին լինի, եթե քաղաքական ուժերը միավորվեին գաղափարի շուրջ: Այս պահին քաղաքացիական նախաձեռնությանն աջակցում են գրողներ, մտավորականներ, հասարակական գործիչներ: Անհրաժեշտության դեպքում, ըստ պարոն Կարապետյանի, խումբը նաև ակցիաներ կանցկացնի՝ խնդիրը տարբեր ատյաններում բարձրաձայնելու համար:

Վարուժան Բաբաջանյան