ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ օրերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար Ադրբեջանի նախագահի նախընտրելի թեկնածուն Ի. Ալիևն է: Արցախում, սակայն, այնքան էլ չեն կիսում այս տեսակետը: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն ասում է՝ ինքը հասկանում է՝ ինչու է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել, բայց Ադրբեջանում ով էլ լինի, միևնույնն է, ոչինչ չի փոխվելու:

«Ադրբեջանում ով էլ լինի, փոփոխություն չի լինելու, ավելի վատն է տանելու հասարակությանը: Ես հասկանում եմ նաև Սերժ Սարգսյանի հայտարարության իմաստը, որ քիչ թե շատ մենք ճանաչում ենք Ալիևին, բայց դա չի նշանակում, որ Ալիևը լավ անձնավորություն է կամ հայերի համար լավ է տրամադրված: Ուղղակի նրան ավելի լավ են ճանաչում: Բայց այս պահի դրությամբ, դժբախտաբար, այնպիսի իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանում, որ ով էլ որ գա, լինելու է ավելի ծայրահեղ և նա գալու է ծայրահեղական մոտեցումներով»,- ասաց Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա հիշեց նաև օրերս գերեվարված հայ զինծառայողի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է դարձել: «Զինվորին հեռուստատեսությամբ ցուցադրելը, հարցազրույցը, այդ բոլորը խախտում էր բոլոր միջազգային կոնվենցիաները: Ուղղակի անթույլատրելի է այդ կերպ վարվել: Եվ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը բավականին ծանր վիճակում է գտնվում: Զավթողական նման քաղաքականությամբ՝ ցանկացած պետության վերջը շատ վատ է լինում. դա ցույց է տվել և ֆաշիստական Գերմանիան և Օսմանյան պետությունը, բազմաթիվ այլ պետությունների փորձից ելնելով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ լավագույն տարբերակը նման ելքերից մեր պետությունն ու բանակը հզորացնելն է»:

Դավիթ Բաբայանը այնուհետև ասաց, որ Ադրբեջանի նախագահի թեկնածուներից Ի. Ալիևի հնարավոր մրցակիցներից Ռուստամ Իբրահիմբեկովն է առանձնանում հայերի հանդեպ իր հնչեցրած գնահատականներով:

«Ադրբեջանում որպես հիմք ընկած է հայատյացությունը: Այսպես պիտի հասկանանք, և սա է ռեալ իրավիճակը: Թեև ասեմ, որ մի տարբերություն կա այս նախագահական ընտրություններին, որ Ռուստամ Իբրահիմբեկովն առաջին անգամ պայքարում է նախագահական պաշտոնի համար, նա հայտարարել է, որ հայերին չպիտի դիտարկել այլևս որպես թշնամիներ... Բայց մի նրբություն կա, նա դժվար թե այդքան սիրում է հայերին, ուղղակի նա, լինելով մտավորական, հասկանում է, որ հայատյացության վրա հիմնված ցանկացած գաղափարախոսություն սարսափելի հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Դ. Բաբայանը:

Քրիստինա Մկրտչյան