Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակից Անուշավան Պետրոսյանի՝ ի նշան բողոքի երակները կտրելը շատ տարածված է քրեակատարողական հիմնարկներում, բայց առաջին անգամ է, որ կիրառվում է հանրային ակցիաների ժամանակ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում»,- երիտասարդ ակտիվիստի քայլը մեկնաբանեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանն, ով դեռ առավոտից նստել էր «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ՝ խանգարելով վարորդին փորման աշխատանքներ կատարել, մոտ մեկ ժամ առաջ բարձրացել է բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա և սպառնացել կտրել երակները, որից հետո, ի վերջո, իրագործել է մտադրությունը:
Հայտնենք նաև, որ Անուշավան Պետրոսյանը նախքան երակները կտրելը ոստիկաններին ժամանակ է տվել՝ հեռացնելու տեխնիկան և գնացել է այդ քայլին, երբ իր պահանջը չի կատարվել:
Նշենք, որ երեկ օրվա երկրորդ կեսին Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը, հանդիպելով բնակիչներին, խոստացել էր վերադառնալ և իր հետ բերել փաստաթղթեր, որոնք կապացուցեին, որ սկսված շինարարությունն օրինական է: Սակայն, ինչպես Tert.am -ին հայտնեց նշված հասցեի բնակիչներից Հասմիկ Գրիգորյանը, թաղապետը չի կատարել խոստումը:
Ըստ Արթուր Սաքունցի՝ սա վկայում է վարչական շրջանի ղեկավարի՝ վարչական շրջանի բնակիչների հիմնախնդիրների նկատմամբ վերաբերմունքի մասին:
«Էդ առումով մտածելու խնդիր ունի Տարոն Մարգարյանը, թե ինչպիսի թաղապետ ա ինքը նշանակում՝ որպես իր ներկայացուցիչ տվյալ վարչական շրջանում»,- ավելացրեց Արթուր Սաքունցը: