Galatv.am - Իշխող ՀՀԿ-ից արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարում են, որ եթե արտառոց որևէ բան չփոխի դեպքերի ու իրադարձությունների բնականոն զարգացումն ու ընթացքը, Հայաստանի Հանրապետությունը հարյուր տոկոսով կգնա նոյեմբերին սպասվող ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա ի՞նչ նոր հետևանքների կհանգեցնի՝ ռազմաքաղաքական, տնտեսական առումով: ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ֆրանսահայ ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը:

-Պարոն Վարպետյան, իշխող ՀՀԿ-ից տարբեր գործիչներ արդեն հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Ըստ ձեզ, սա ի՞նչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել:

-Այդ խոսում է այն մասին, որ հարցն արդեն հանգամանալից քննարկվել է համապատասխան մակարդակներում, տարբեր փորձագետների կողմից, և որոշումը արդեն կայացվել է, հետևանքները՝ հնարավորինս հաշվարկվել: Ազգաբանորեն, փիլիսոփայորեն և ապագագիտորեն, բնականաբար՝ ոչ: Իսկ ինձ, որպես ազգաբանի և էաբանի, հետաքրքրում է խնդրականի հենց այդ կողմը: Զի մնացյալում հազարամյակների դառը կենսափորձ ունենք:

Այս առումով հարցը այլևս պարզորեն Արևմուտք-Ռուսաստանի մասին չէ, այլ քաղաքակրթության, գոյաբանության և կայացման, այդու էլ՝ ճակատագրական: Քաղաքակրթության առումով Ռուսաստանը միշտ է նայել դեպի Արևմուտք, սկսյալ Պյոտր Առաջինից մինչև անգամ մարքսիզմ-լենինիզմ: Ի վերջո նավթով և զենքով քաղաքակրթություն չեք ստեղծի, եթե չկան հոգևոր զորեղ պաշարներ: Իսկ հայոց համար նախ քիչ թե շատ ազատության մասին է խոսքը, ապա իր բուն ինքնության վերագտնման ու ինքնորոշման, «ազգային հումքի»՝ ունակությունների, տաղանդի և անգամ ձախորդությունների շահագործման (օրինակ՝ սփյուռքի), այդու էլ՝ կայացման: Միայն մեկ օրինակ: Երբ 2007թ. հունվարի 1-ին Ռումինիան դարձավ ԵՄ անդամ, մի գիշերվա մեջ 2 մլն գնչուներ դարձան Եվրոպայի քաղաքացիներ՝ դրա բոլոր հետևանքներով, բացասական հենց Եվրոպայի համար, այլ խնդրականներում՝ մասամբ տվյալ երկրների (Ֆրանսիայի ծայրահեղականները ցայսօր դեմ են ԵՄ-ին և եվրոյին): Մեկ խոսքով, ասոցիացումը ակնկալում է բացվել դեպի աշխարհ՝ իր բոլոր խնդրականներով: Ի վերջո հասարակական հոգսեր, մարտահրավերներ և գաղափարներ, իմա՝ սոցիալիստներ, կոմունիստներ, թունդ ազգայնականներ (մինչ իսկ ֆաշիստներ) և բյուր հարցեր առկա են նաև Արևմուտքում: Այդու էվոլյուցիոն իներցիան եռուզեռում է առավել: Իսկ չեմպիոն դառնալու կամ պարզապես կայանալու համար հարկ է մասնակցել համաշխարհային մրցաշարերին: Ես համոզված եմ, որ հայությունը այս առումով անչափ շատ ակնկալիքներ և հնարավորություններ ունի (եթե իհարկե կարողանա շահագործել), իսկ ՀՀ արդի նախագահը՝ պատմության մեջ մնալու: Թեկուզ միայն այդքանով: Մնացյալը կարող են անել այլք: Առավել ևս, որ ասոցիացումը ժողովրդավարական որոշակի պահանջներ է դնում: Որոշ նախանշաններ արդեն առկա են, իսկ մնացյալը ձեռք է բերվում:

- Ըստ Ձեզ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը: Ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել ռազմական անվտանգության, տնտեսական առումով:

- Ինչպիսի «պատժիչ» միջոցներ էլ ձեռնարկի, առաջինը և արմատապես տուժելու է ինքը՝ հայոց վերջապես մղելով ինքնագիտակցության ու ինքնորոշման (ինչը նույնպես ընթացքում է): Դեպքերը ինքնաբերաբար գնում են այդ ուղղությամբ, իսկ որոշիչ խոսքը մնում է Ուկրաինային: Եվ ի վերջո խոսքը թշնամանքի մասին չէ:

Մանրամասները` այստեղ: