Տավուշի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ հրաժարվել են Այրումի պահածոների գործարանին հանձնել դեղձի իրենց բերքը: Պատճառը մթերման' գործարանի հայտարարած ցածր գինն է' 50 դրամ:
«Մեր գյուղում ամենաշատ բերք ունեցողինը 1 հեկտարն է, որը համեմատաբար հեշտ է իրացնել: Եթե մյուս գյուղերի պես լիներ 7, 10 կամ մինչև 20 հա այգի, ստիպված ինչ գին էլ ասեին' կհանձնեին»,- Operativ.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննեսյանը: Նա հաստատեց, որ Դեղձավանի գյուղացիները հրաժարվում են իրենց դեղձի բերքը հանձնել Այրումի պահածոների գործարանին' նախընտրելով վաճառել այն ներքին շուկայում: «Ներքին շուկայում դեղձի գինը կազմում է նվազագույնը 120-ից մինչև 200 դրամ»,-նշեց նա:
Արճիս գյուղի գյուղապետ Սեյրան Միկիչյանը ևս Operativ.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիները բերքը նախընտրում են վաճառել ներքին շուկայում:
«Ես էլ եմ ասել, ժողովուրդն էլ, որ գինը ցածր ա, դրա համար չենք հանձնում Այրումի գործարանին: Մեզ ձեռնտու ա ներքին շուկայում վաճառել, քան 50 դրամով հանձնել գործարանին: Ներքին շուկայում դեղձի գինը 150-180 դրամ ա»: