Օրերս կայքերից մեկում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևանի պետական համալսարանը շուրջ հարյուր միլիոն դրամ է փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, ավելին ' յուրաքանչյուր տարի բյուջեի երկու տոկոսը փոխանցում է այս կառույցին և ոչ միայն մայր բուհը, այև ՀՀ մի շարք այլ բուհեր ևս: ՀԵՀ –ի պաշտոնական կայքում տեղադրված հաշվետվությունում ներկայացված է: Մեջբերում' «Ընդամենը սեփական կապիտալ և պարտավորություններ' 924 416»: Նշեմ, որ հաշվետվության վերևում նշված է ' հազար դրամ: Այսինքն պետք է հասկանալ 924մլն 416 հազար դրամ գումար: Տարօրինակ է, որ այս գումարի առյուծի բաժինը տրամադրում է Երևանի պետական համալսարանը, բայց, բացի մեկ բուհից ինչպես նշում է իր ֆեյսբուքյան պատին հոգաբարձուների խորհդի համակարգող Կարեն Ավագյանը, այլ մի շարք բուհեր ևս: Մեջբերում. նշում է' «1999թ.-ին բուհերի ցանկությամբ որոշվել է ստեղծել երիտասարդական հիմնադրամ և իրենց արտաբյուջետային միջոցներից 2 տոկոսը փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ 1999թ. բուհերն ազատվել են ավելացված արժեքի հարկից՝ փոխարենն այդ գումարների մի մասն ուղղվում է անապահով ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուն, 2 տոկոսը՝ հիմնադրամին, որը պետք է ծառայի համաերիտասարդական և ուսանողական, մասնավորապես, սոցիալական ծրագրերի իրականացմանը»։
Նման բուհերի թիվը' ըստ Nyut.am կայքի, 20 է: Կարեն Ավագյանը միևնույն ժամանակ նշում է, որ հիմնադրամի բյուջեն գոյանում է ոչ միայն բուհերի տրամադրած գումարներով: Այս ամենը համադրելով հաշվետվությունում ներկայացված գումարի չափի հետ, միանգամից կարելի է հասկանալ' հաշվետվությունում ներկայացված թիվը մեղմ ասած շատ փոքր է: Նշեմ, որ բացի այդ հաշվետվությունից այլ հաշվետվություն այն մասին, թե որ բուհը որքան է փոխանցել հիմնադրամին, չկա: Կարծում եմ այսքանից հետո լրագրողներին պետք է հետաքրքրի այս փաստը և լրագրողական հետաքննություն անցկացվի պարզելու համար, թե որ բարձրագույն ուսումնական հաստատությունը որքան է փոխանցել այս կառույցին: Զավեշտալին այն է, որ այս հիմնադրամը առաջ տանելով կուսակցության շահերը և զբաղվելով ՀՀԿ-ի փիառով, օգտագործում է պետական հաստատությունից իրեն փոխանցված գումարները: Որքան էլ փորձեն որոշ անհատներ պնդել, թե այս կառույցը շատ թափանցիկ գործում, ուղղակի ծիծաղ է առաջացնում, քանզի միայն այն, թե ով և որքան գումար է տարեկան փոխանցվում հիմնադրամին չի նշվում: Հավելեմ, որ Կարեն Ավագյանի նշած «համաերիտասարդականն» ու «սոցիալական ծրագրերը» չափորոշվում են ՀՀԿ-ի ստանդարտներով:
Ի՞սկ ինչ վտանգ կա այս ամենի մեջ: Առաջին հայացքից թվում է թե ամեն ինչ նորմալ է: Հիմնադրամը գումարը վերցնում է, ապա համագործակցելով ԿԳ նախարարության հետ, դրանք նորից տրամադրում ուսանողներին' կրթաթոշակի, վարձերի զեղչման և նման այլ ծրագրերի տեսքով: Ստացվում է այսպես, բուհը գումար է տալիս հիմնադրամին, որ վերջինս դրանք ծախսի հենց այդ բուհի ուսանողների վարձերի զեղչման, կրթաթոշակի տրամադրման համար: Հարց ռեկտորներին, դուք չե՞ք կարող այդ գումարն առանց փոխանցելու տվյալ կառույցին, հատկացնել կրթաթոշակ, կամ դրա հաշվին բուհում ավելացնել անվճար ուսուցման տեղեր: Ինչո՞ւ եք գումարը հատկացնում հիմանդրամին և թողնում որ այն ըստ իր հայեցողության այն տրամադրի բուհի ուսանողներին, եթե հենց բուհը կարող է գումարն անաչառ կերպով տնօրինել ի օգուտ ուսանողների: Հավելեմ, որ Կարեն Ավագյանի նշած «համաերիտասարդականն» ու «սոցիալական ծրագրերը» չափորոշվում են ՀՀԿ-ի ստանդարտներով:
Դե՜, բայց քանի որ մենք ՀՀ-ում ենք, ապա այստեղ ամենաաբսուրդային գործողությունը միանշանակ ամենաճշմարիտը կդարձնեն, ինչն արվում է այս պահին:
Մի հիմնադրամ, որի բոլոր անդամները մեկ կուսակցության անդամ են, չի կարող չպաշտպանել տվյալ կուսակցության շահերը, չգործել ի շահ և բարօրություն մի կուսակցության, որի անդամներն են օլիգարխներն ու քրեական տարրերը:
Ստացվում է' մեր պետական բուհերն անմիջականորեն ֆինանսավորում են և ամրապնդում ՀՀԿ կուսակցության դիրքերը' օժանդակելով և ՀԵՀ-ին վստահելով ՀՀԿ- ի համար իրականացվող միջոցառումների կազմակերպումը: Այսօր, երբ տարեկան կրճատվում են անվճար տեղերն ու թանկանում վարձավճարները, հասկանալի է, որ մեծանում է բյուջեն և բյուջեի 2 տոկոսը: Արդյունքում կրկին շահում է ՀՀԿ-ական այս հիմնադրամը և այդ գործընթացին բնականաբար օգնում են ՀՀԿ-ականացված ռեկտորները: Հարգելիներս, եկեք գիտակցեք, որ ՀՀԿ-ն Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ ընդամենը իշխանության ղեկին գտնվող կուսակցություն, իսկ բուհը ՀՀԿ-ին չի պատկանում, այլ պետությանն ու հասարակությանը:
Որքան էլ այսօր նշեն, թե այս կառույցն ամենաարդարն է ու թափանցիկը, դրանք կմնան միայն խոսքեր, քանի որ թափանցիկ աշխատելու դեպքում, այս հիմանդրամի բյուջեն կգոյանար ՀՀԿ օլիգարխների հաշվին, ոչ թե ուսանողի տրամադրած գումարի: Սա էլ ՀԵՀ-ի դիմակը' ճակատին ՀՀԿ գրված …