Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում օգոստոսի 28-ին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ հիվանդները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոնում: Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 58 հիվանդ: Այս պահի դրությամբ նրանցից 14-ը բուժվում է Աշտարակի ԲԿ-ում, 4-ը' «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։
Հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել' ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում, նքոցներ:
Նախնական վարկածով վարակի հավանական աղբյուրը եղել է խմելու ջուրը: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացման նպատակով անմիջապես կազմակերպվել են ջրի գերքլորացման աշխատանքներ:
Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր:
Բակային համայցերը շարունակվում են, իրավիճակը վերահսկելի է: