Առողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ:
Նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:
Նշենք, որ զեկույցում մատնանշվել են այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի և կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ և կիսափակ հաստատություններում: Միաժամանակ, զեկույցում նշված թերությունների և բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:
Զեկույցին անդրադարձել էր նաև Ոստիկանությունը և պատրաստակամություն հայտնել հաշվի առնել զեկույցում մատնանշված խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունն իր հերթին նշել էր, որ մատնանշված խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում և ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլուծվեն:
Պաշտպանի աշխատակազմ