Սիրիական ընդդիմության զինված խմբավորումների կողմից քրիստոնյաների ունեցվածքը յուրացնելու մասին տեղեկությունը մասամբ է համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Ռեիսյանի խոսքով, սիրիական ընդդիմության մեջ են մտնում տարբեր կազմակերպություններ՝ արմատական, ծայրահեղ արմատական եւ չափավոր արմատական: «Արմատական զինված խմբավորումների շարքում կարող են լինել այնպիսիները, որոնք ելնելով իրենց կրոնական պատկերացումներից կամ արմատական տրամադրված իրենց հոգեւոր առաջնորդների կոչերից, կգնան նման քայլի»:
Ռեիսյանը նաեւ նշել է, որ մի շարք գործարաններ գտնվում են ընդդիմության հսկողության ներքո, եւ չի բացառվում, որ իրենց հոգեւոր առաջնորդները արդարացնում են քրիստոնյաների ունեցվածքի յուրացումը: «Սակայն չի կարելի ընդհանրացնել ու հայտարարել, որ բոլոր ընդդիմադիր խմբավորումներն են յուրացնում քրիստոնյաների ունեցվածքը, ուղղակի ոմանք օգտվում են իրավիճակից»,- ընդգծել է նա:
Նշենք, որ ԶԼՄ-ներում շահարկվում է տեղեկություն այն մասին, որ սիրիական ընդդիմության զինված խմբավորումները որոշում են ընդունել, որը թույլ է տալիս յուրացնել քրիստոնյաների, այդ թվում' նաեւ հայերի ունեցվածքը, ովքեր ապրում են Սիրիայում: Հալեպում գրոհայինները ավերածությունների են ենթարկել ու յուրացրել են քրիստոնյաներին պատկանող 200 գործարաններ: Դրանց հիմնական սարքավորումները եւ ապրանքները վաճառել են Թուրքիային: Որոշ խմբավորումներ շարունակում են գործարկել ձեռնարկությունները, իսկ ապրանքը իրացնում են նույն Թուրքիայում եւ ձեռք բերված գումարով սպառազինություններ են գնում: